«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական հանդիպումը ԳՊՀ-ում

Oրերս Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցեցին ԳՊՀ ուսանողները, աշխատակիցները:
Հանդիպմանն առցանց ձևաչափով ողջույնի խոսք ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Նա, խոսելով առաջնորդների որակական հատկանիշների մասին, իր ելույթում նշեց, որ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի առանցքային նպատակներից է Հայաստանի տարբեր մարզերից՝ մասնավորապես Սյունիքից, գտնել ապագայի առաջնորդներ, որոնք արտերկում որակյալ կրթություն ստանալուց հետո կարող են առավելագույնս նպաստել իրենց համայնքի, գյուղի զարգացմանը: Դեսպանը կարևորեց կրթաթոշակային այս ծրագրով ուսանողներին ընձեռնվող հնարավորությունները, Մեծ Բրիտանիայում բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտությունը երիտասարդների համար՝ մասնագիտական կայացման և այդ գիտելիքները տարածաշրջանային բարեկեցությանն ուղղելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչ Մարիամ Բաղդասարյանը ներկայացրեց կրթաթոշակային ծրագրի, ծրագրին դիմելու պահանջների և ժամկետների,  անհրաժեշտ փաստաթղթերի ու մասնակիցների ընտրության կարգի մասին:
Հանդիպման ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում թեմայի վերաբերյալ ուսանողներին հետաքրքրող հարցերի շուրջ:










Facebook Comments