ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Առանձնակի սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս այս համահայկական տոնի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ:
Արցախը 29 տարի առաջ ընտրեց ազատ, ինքնիշխան լինելու հաստատուն ուղին և այսօր էլ մեծագույն վճռականությամբ անցնում է այդ պատվավոր ճանապարհը՝ շնորհիվ Արցախում, Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների արդար ցանկության ու վեհ ձգտումների:
Մեծագույն հպարտությամբ ու երախտագիտությամբ վերստին հիշում և կարևորում ենք այն հայրենանվեր գործիչներին, նվիրյալներին, որոնք կերտեցին Արցախի ինքնիշխանությունը, ձևավորեցին նրա պետականաշինության հիմքը՝ սեփական հայրենիքում ապրելու և արարելու, Արցախը շենացնելու օրախնդիր իրավունքով: Արցախը հայության հայրենասիրական մղումների վառ դրսևորումն է, մեր ամենաբարի հույսերից ծնված երազն ու հաղթական արարումների լուսավոր կենտրոնը, հայության սերը, հավատը: Բոլոր ժամանակներում մենք պարտավոր ենք հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ շարժվել առաջ, մշտապես բարձր պահել այն երևելիների անունները, որոնք իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանության ու զարգացման մեջ, շարունակել նրանց գործը՝ խեղաթյուրված պատմական արդարության վերականգնման անբեկանելի կամքով:
Արցախի Հանրապետության մեծահա՛րգ Նախագահ, ընդունեք խնդրեմ իմ և Գորիսի պետական համալսարանի ողջ աշխատակազմի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանանքերը այս կարևոր պետական տոնի առթիվ: Մենք մշտապես Արցախի կողքին ենք` պատրաստ գիտակրթական ներուժով նպաստելու հայկական երկրորդ հանրապետության զարգացման ու բարգավաճման սերնդապահպան գործին:

Facebook Comments