ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ ձեզ գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Վերջին ամիսներին համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս կյանքի ու աշխատանքի բնականոն ընթացքը, այնուամենայնիվ յուրաքանչյուր ուսումնական տարեմուտ հիշարժան է և անկրկնելի: Այն նաև պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս բարեխիղճ, արդյունավետ ու տքնաջան աշխատանքից: Լիահույս եմ, որ Սյունիքի մայր կրթօջախի ձեռքբերումները շարունակական կլինեն ձեր որակյալ ու հետևողական աշխատանքի, սկզբունքայնության ու անսպառ նվիրումի շնորհիվ: Համոզված եմ, որ մենք կհաղթահարենք համավարակային իրավիճակով պայմանավորված բոլոր խոչընդոտները և մեր ուսանողների համար կստեղծենք հուսալի կրթական միջավայր, ուսումնառության բարձր մակարդակ։
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ շնորհավորանքս ուղղում եմ ձեզ, քանզի տոնն ամբողջանում է ձեզանով: Շնորհակալ եմ, որ ձեր կրթության շարունակությունը գտաք հենց մեր բուհում, բուհ, որն իրապես ունի բոլոր նախադրյալները՝ ձեզ տալու մասնագիտական այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք կօգնեն որակյալ ու պահանջված մասնագետներ դառնալու և նախ և առաջ համալրելու մարզի աշխատաշուկան, հոգալու տարածաշրջանի կրթական և այլ ոլորտների առաջնային կարիքները։ Մաղթում եմ ուսանողական անմոռանալի տարիներ, անսպառ եռանդ, ինքնաշխատության մեծ ջանքեր ու պատասխանատվություն, որպեսզի ստեղծված իրավիճակում չտուժի կրթության որակը։ Բուհը յուրաքանչյուրիդ կողքին է՝ պատրաստ տալու առավելագույնը։
Բարի ուսումնական և աշխատանքային տարի բոլորիս…

Facebook Comments