SMARTI ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՌԻԳԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. մայիսի 5-ից 11-ը ԵՄ էրազմուս + «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում Լատվիայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում (ՌՏՀ) կայացած աշխատանքային հնգօրյա հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը ներկայացրին Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, նույն բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը և Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) 28 ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել Ռիգայի տեխնիկական համալսարանի գործընկերների փորձը՝ ԱԴՄ ուսումնական պլանների մշակման և ուսուցման վերաբերյալ, քննարկել ծրագրի ընթացիկ արդյունքները և պլանավորել առաջիկա գործողությունները։
Առաջին օրը նախատեսված էր ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, արդյունքները և հետագա գործողությունները։ Մասնավորապես քննարկվեցին ԱԴՄ մանկավարժական ձեռնարկի մշակման և հրապարակման (նախատեսվում է ավարտին հասցնել 2024թ. նոյեմբերին), Իրազեկման և Կայունության պլաններով նախատեսված գործողությունների առաջընթացի, արտաքին գնահատողների դիտարկումների, հայաստանյան գործընկեր համալսարանների՝ ԱԴՄ կենտրոններում իրականացված պիլոտային դասընթացների և այդ կենտրոնների հավատարմագրման մասին՝ իրականացված ՈԱԱԿ-ի համակարգմամբ:
Աշխատաժողովի հաջորդ օրերը հագեցած էին վարպետության դասերով՝ նվիրված համալսարանների միջազգայնացմանը, Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրմանը, ԱԴՄ ուսումնական ծրագրերի մշակմանը, հումանիտար թվային գիտություններում ԱԴՄ մեթոդաբանության մշակման տեսական և գործնական մոտեցումներին:
Նշենք, որ հնգօրյա աշխատաժողովի շրջանակներում մասնակիցները այցելել են ՌՏՀ-ի կամպուսներ՝ ծանոթանալով ՌՏՀ-ում ԱԴՄ ուսուցմանը նպաստող միջավայրին: ՌՏՀ-ը հյուրերի համար կազմակերպել էր նաև փոքրիկ շրջագայություն Ռիգայի հին քաղաքում:
Ստացած տեղեկությունների, հմտությունների և առողջ քննարկումների շնորհիվ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի անդամները առաջիկայում քայլեր կձեռնարկեն ԱԴՄ ձեռնարկների մշակման, լրատուի թողարկման, ազգային իրազեկման օրվա կազմակերպման, ԱԴՄ-ին նվիրված հոդվածների տպագրման և ամփոփիչ համաժողովի կազմակերպման ուղղությամբ։