«CompIIT» Էրազմուս+ ծրագրի շրջանակում ԳՊՀ-ում իրականացվում են պիլոտային դասավանդման աշխատանքներ

Էրազմուս+ «CompIIT կարողությունների զարգացման ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի պետական համալսարանը շարունակում է իրականացնել կրթական նորարարությունների ներդրման և ուսուցման արդիականացմանն ուղղված աշխատանքներ։

Ծրագրի շրջանակում կազմակերպվում են պիլոտային դասավանդումներ՝ նպատակ ունենալով փորձարկել և կատարելագործել մշակված էլեկտրոնային ուսուցման մոդուլները։ Մոդուլների համատեղ մշակման գործընթացում ներգրավված են գործընկեր բուհերի դասախոսներ, հետազոտողներ, ուսանողներ և ոլորտի մասնագետներ, ինչը նպաստում է կրթական բովանդակության համապատասխանեցմանը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։

Պիլոտային դասավանդման հերթական փուլն իրականացրել է ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անուշ Դավթյանը։ Դասավանդման ընթացքում փորձարկվել են նոր ուսումնական նյութերը, իսկ մասնակիցների կողմից ներկայացված կարծիքներն ու առաջարկությունները հիմք կծառայեն մոդուլների հետագա կատարելագործման համար։

«CompIIT» ծրագրի շրջանակում նախատեսվում է երկու էլեկտրոնային ուսուցման մոդուլի ներդրում ԳՊՀ կրթական ծրագրերում․

  • «Scrum և Kanban»
  • «Ճկուն կառավարում վիրտուալ նախագծային միջավայրերում» (Agile Management in Virtual Project Environments)

Մոդուլները կներառվեն հետևյալ բակալավրիական կրթական ծրագրերում․

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (առկա ուսուցում)
  • Էլեկտրոնիկա (հեռակա ուսուցում)

Պիլոտային դասավանդումները ծրագրի կարևոր բաղադրիչներից են և իրականացվում են ճկուն (agile) զարգացման մոտեցմամբ, որը նախատեսում է ուսումնական նյութերի պարբերական փորձարկում, հետադարձ կապի հավաքագրում և շարունակական բարելավում։ Այս գործընթացի ընդհանուր համակարգումն իրականացնում է Գորիսի պետական համալսարանը։

«CompIIT» ծրագրին ակտիվ մասնակցությամբ Գորիսի պետական համալսարանը նպաստում է ուսանողների պատրաստմանը՝ թվայնացված, միջազգային և նախագծահեն աշխատանքային միջավայրերում արդյունավետ գործունեութուն ծավալելու համար։

Facebook Comments