2023 ԹՎԱԿԱՆԻՑ ՆԵՐԴՐՎԱԾ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՇԱՀԱԿԻՑՆԵՐԻՆ

Գորիսի պետական համալսարանը 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա կրթաձևի ընդունելության շրջանակում առաջին անգամ կազմակերպում է «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելություն՝ երկու տարի ուսման տևողությամբ, իսկ 2024-2025 ուստարվա համար նախատեսում է ընդունելություն նաև բակալավրի կրթական ծրագրով:
Ս.թ. սեպտեմբերի 15-ին Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեց նոր ներդրված կրթական ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպում-քննարկում բուհի արտաքին շահակիցների հետ։ Միջոցառմանը հյուրընկալել էին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Գորիս, Տեղ, Տաթև համայնքների ՆՈՒՀ-երի տնօրենները, մեթոդիստներ և համայնքապետարանների՝ ոլորտը համակարգող աշխատակիցներ:
Ներկաներին ողջունեց և քննարկման հրավերն ընդունելու համար շնորհակալություն հայտնեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ նշելով, որ համալսարանը մշտապես կարևորել է գործատու-գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերի ընդլայնումն ու ամրապնդումը։ «Ամենահետաքրքիր և խիստ պատասխանատու մասնագիտություններից մեկը մանուկներին կրթելն ու դաստիարակելն է, և այդ տեսանկյունից նախադպրոցական ուսումնական հաստատությունները մեծ առաքելություն են իրականացնում մեր կյանքում` երեխաների համար ապահովելով ճիշտ դաստիարակություն, անհոգ ու երջանիկ մանկություն»,- իր ներածական խոսքում շեշտեց ռեկտորը՝ հավելելով, որ հենց այդ առաքելության իրագործմանը նպաստելու նպատակով էլ ԳՊՀ-ում ներդրվել են «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը։
Գորիս համայնքի ղեկավարի տեղեկալ Իրինա Յոլյանը, կարևորելով հանդիպման նպատակը, մասնավորապես նշեց, որ նոր կրթական ծրագիրը հնարավորություն կտա ամրապնդել բուհ-գործատու կապերը, վերլուծել ոլորտի առանցքային գործոններն ու գերակա մարտահրավերները, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերի՝ նոր հնարավորությունների և կարողությունների զարգացմանը:
ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանը նշեց, որ համալսարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ներդրմամբ նպատակ ունի պատրաստել տարածաշրջանի աշխատաշուկայի արդի պահանջները բավարարող մրցունակ մասնագետներ։ «Մենք մշտապես պատրաստակամ ենք քննարկել նախադպրոցական կրթության ոլորտում առկա մարտահրավերները բոլոր շահագրգիռ կառույցների հետ»,- նշեց ամբիոնի վարիչը, ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլաններով նախատեսված առարկայացանկը։
ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Ա. Դինունցը նշեց ներդրված մասնագիտության շարունակականության մասին՝ կարևորելով հատկապես բուհում վերջին տարիներին իրականացվող ՆՈՒՀ-երի աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպմանը մասնակից ՆՈՒՀ-երի երկարամյա փորձառու տնօրեններ Սաիդա Ադունցը, Ժասմեն Խաչատրյանը և Մարիետա Մարտիրոսյանն իրենց շնորհակալությունը հայտնեցին տեղեկատվական միջոցառումը կազմակերպելու համար և կարևորելով նոր մասնագիտության ներդրումը համալսարանում` նշեցին, որ այն մեծապես կնպաստի ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծմանը։

Facebook Comments