ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷՐԱԶՄՈՒՍ+SAH ԾՐԱԳՐԻ` ԳՊՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ս․թ․ հունվարի 10-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH) եռամյա ծրագրի՝ ԳՊՀ աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպման օրակարգում էին երեք տարիների ընթացքում համալսարանում իրականացված գործողություններին և վերջնարդյունքներին վերաբերող հարցերը։

Հանդիպմանը ելույթ ունեցան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը և ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար, ծրագրի տեղական համակարգող Նաիրա Սաֆարյանը։ Ռեկտոր Տ․ Վանդունցը շնորհակալություն հայտնեց ծրագրային խմբին աշխատանքների հաջող իրականացման համար։ Խոսելով ծրագրի վերջնարդյունքների մասին՝ ռեկտորը նշեց, որ այն հնարավորություն է տվել իրականացնելու ուսանողների կարճաժամկետ շարժունություն, ստեղծվել են միջազգային ուսանողական թիմեր՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար, որոնցում ընդգրկվել են ԳՊՀ ուսանողները, հիմնադրվել է SAH կենտրոնը` հագեցած սարքավորումներով, մշակվել են երկու մոդուլներ՝ «Կայուն զբոսաշրջություն ճարտարապետական ժառանգության համատեքստում» և «Ճարտարապետական ժառանգության մշակութային նշանակությունը», և ներդրվել «Զբոսաշրջության կառավարում» ու «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրերում: 

Ն․Սաֆարյանը անդրադարձավ ծրագրի շրջանակում ԳՊՀ-ում ներդրված մոդուլների համար դասախոսության նյութերի մշակման և տպագրության հարցերին։ Մասնավորապես նշեց, որ մոդուլների պատասխանատուներ դոցենտ Սիրանուշ Պողոսյանը և ասիստենտ Գայանե Շաբունցը մշակել են դասախոսության նյութեր, որոնք տպագրության փուլում են։ 

Ծրագրային խմբի անդամները բավարար գնահատեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Հանդիպման ավարտին ներկաները խոսեցին նաև Էրազմուս+ ծրագրի շրջանակում հետագա նոր նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։

Facebook Comments