ՎՐԵԺԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ

Ապրիլի 23-ին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Գորիսի պետական համալսարանի բակում կանգնեցված Շահան Նաթալիի կիսանդրու մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Նեմեսիս» գրական-մշակութային միջոցառումը, որին հաջորդեց ավանդական դարձած ջահերով երթը: Ներկաները ծաղիկներ դրեցին Շահան Նաթալիի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով «Քարեղեն Նեմեսիսին», ով իրագործեց Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագիրը: Ողջերթի ջերմեռանդ խոսք ասաց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանը: Նա ողջունեց ավանդական ջահերով երթը խորհրդանշական այդ վայրից մեկնարկելը. «Այս երթը տարբերվելու է մյուսներից,- նշեց նա,- քանզի պատմության մեջ առաջին անգամ իր իսկ փնտրած «սրբազան խելագարներին» առաջնորդելու է հենց ինքը՝ Նաթալին՝ Վրեժխնդրության աստվածը՝ անբեկանելի համոզմուքնով, որ «Թուրքեն զատ ու թուրքեն վեր թշնամի չունի հայը և հայուն վրեժը արդար է ու Աստուածային»: Ուսանողները հնչեցրին ոգեշունչ երգեր, վկայակոչեցին մեծ մտավորականի ու ազգային պանծալի գործչի հայրենապաշտ գաղափարները, «Նեմեսիս» գործողության պատմական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Նաթալիի իմաստուն հայացքի ներքո «վրեժի ջահակիրները» շարժվեցին դեպի Գարեգին Նժդեհի հուշարձան և հարգելով ազգային հերոսի հիշատակը՝ շարունակեցին երթը դեպի հայոց նահատակների հուշահամալիր, որտեղ էլ հիշատակեցին Եղեռնի զոհերին ու այրեցին թուրքական դրոշը: Հայրենասիրական կոչերով երիտասարդները ամփոփեցին օրվա խորհուրդը՝ սրբագործված նաթալիական հավատով, թե «հայ հրաշագործ ոգին պիտի գտնէ Վահագնի նիզակը և խրէ Վիշապին արնախում կոկորդը»:

Facebook Comments