ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԷՐԱԶՄՈՒՍ+ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Էրազմուս+DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) ծրագրի շրջանակում ս/թ. հունիսի 3-6-ը Ֆինալանդիայի Հանրապետության Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում (ԼՏՀ) տեղի են ունեցել երեք ուսումնական մոդուլների և մեկ զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC) նախագծման ու իրականացման վերաբերյալ վերապատրաստումներ, որին մասնակցել են DeSIRe ծրագրի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԳՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցել են ռեկտոր Տիգրան Վանդունցը, ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանն ու Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պ/կ Սյուզաննա Պետրոսյանը:
Առաջին օրվա դասընթացը նվիրված էր մեդիա և թվային գրագիտության հմտություններին։ Իուլդուզ Խայրուլլինան (ԼՏՀ ասպիրանտ) անցկացրեց Photovoice աշխատարանը, որի ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է լուսանկարների և տեսանյութերի միջոցով արտահայտել անձնական նպատակներն ու խթանել վերլուծական մտածողությունը։ Այնուհետև Աննա Կռուզենշտերնը (ԼՏՀ ասպիրանտ) ներկայացրեց արհեստական բանականության կիրառությունը ստեղծագործականության խթանման և կրթական միջավայրում նոր հնարավորությունների ստեղծման մեջ։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր առաջնահերթությունների սահմանման և որոշումների կայացման հմտություններին։ Պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը (ԼՏՀ) և Աննա Կռուզենշտերնը ներկայացրին, թե ինչպես են տվյալների վերլուծությունը կիրառում կրթական գործընթացում՝ արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով, և ինչպես են համակարգային ինժեներական մոտեցումները կարևոր դեր կատարում բարդ միջավայրում առաջնահերթություններ սահմանելու հարցում։
Վերապատրաստման երրորդ օրվա աշխատարանը կոչվում էր Իմպրովիզացիայի թատրոն (ներկայացումները ստեղծվում են իմպրովիզացիայի (ստեղծաբանության) մեթոդով և նպաստում են անձի հուզական ինտելեկտի և ստեղծագործականության զարգացմանը)։ Իուլդուզ Խայրուլլինայի կողմից անցկացված աշխատարանը համադրում էր այդ արդյունավետ տեխնիկայի տեսական հիմքերն ու գործնական փորձը։ Մասնակիցները գործնականում կիրառեցին հուզական ընկալման տեխնիկաներ՝ խնդիրների հաղթահարման և լուծումների մշակման նպատակով։
Վերջին օրը նվիրված էր ստեղծագործական մտածելակերպին և խնդիրների լուծման հմտություններին։ Պրոֆեսոր Չեչուրինը ներկայացրեց նորարարական լուծումների համակարգային մոտեցման TRIZ մեթոդաբանությունը, որը վերաբերում էր ինտերակտիվ քննարկումների և գործնական վարժությունների միջոցով ստեղծագործական մտածողությունը, որպես հմտություն, զարգացնելու գործընթացին։
Վերապատրաստման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև «Հուզական և սոցիալական ինտելեկտ» թեմայով զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC) նախագծմանը, որը նպատակ ունի զարգացնել համալսարանական աշխատակիցների և ուսանողների հուզական ու սոցիալական ինտելեկտը՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ։
Էրազմուս+DeSIRe ծրագրի շրջանակում եվրոպական բուհում իրականացված հերթական վերապատրաստումը կարևոր փորձառություն է՝ ուղղված նորարար կրթական տեխնոլոգիաների ու մոտեցումների զարգացմանը։ Ստացված գիտելիքներն ու գործիքակազմը հետագայում ներբուհական վերապատրաստումների միջոցով կտարածվեն ակադեմիական և վարչական աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների շրջանում:






