ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԹԵՆՔՈՒՄ

Ս/թ. հուլիսի 10-14-ը Էրազմուս+SAH (Կարողությունների զարգացում Ճարտարապետական ժառանգության կայունության համար) ծրագրի շրջանակում Հունաստանի Աթենք քաղաքում Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում (ԱԱՏՀ) տեղի ունեցավ մեկշաբաթյա դասընթաց և ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում:
ԳՊՀ-ից միջոցառմանը մասնակցում էին ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Սիրանուշ Պողոսյանը, «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ալինա Վարդանյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող Մոնիկա Զիլֆուղարյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության բակալավրի 1-ին կուրսի ուսանող Մելինե Աղաբեկյանը և 2-րդ կուրսի ուսանող Բորիկ Բաղդասարյանը:
Դասընթացները վարում էին ԱԱՏՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դասախոսները, ճարտարապետ-ուրբանիստները, ԻԿՕՄՕՍ ակադեմիայի պրոֆեսորներ և ոլորտի այլ արհեստավարժ մասնագետներ: Կարևոր է նաև նշել ԱԱՏՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների մասնակցությունը դասընթացներին: Նրանք ներկայացրին իրենց դիպլոմային նախագծերը և աշխատանքները:
Հյուրընկալող համալսարանը նաև կազմակերպեց այցելություններ դեպի ճարտարապետական ժառանգության մեծ արժեք ունեցող վայրեր, որտեղ դասընթացի մասնակից դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեցան տեղում տեսնելու դրանց վերականգնման աշխատանքները, արդեն իսկ վերականգնված շենքեր և կառույցներ: Վերապատրաստման դասընթացի կարևորագույն վերջնարդյունքներից է կոնսորցիումի անդամ համալսարանների ուսանողներից ձևավորել միջազգային թիմեր, որոնք կաշխատեն իրական նախագծերի վրա: Որոշում կայացվեց, որ այդ թիմերն իրենց աշխատանքները կիրականացնեն սույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում: ԵՄ համալսարանների հրավիրյալ դասախոսները խորհրդատվություն կիրականացնեն տեսակոնֆերանսների միջոցով։ Ուսանողական թիմերը կպատրաստեն զեկույցներ իրենց կատարած աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ և կներկայացնեն ծրագրի եզրափակիչ կոնֆերանսին, որը նախատեսվում է իրականացնել 2023թ-ի դեկտեմբերին:
Աշխատանքային շաբաթվա վերջին օրը տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Լ’Աքվիլայի համալսարանի թիմի անդամներ Մասիմիլիանո Դ’Ինոչենցոն և Մարկո Կալաբրեզեն ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Եղան քննարկումներ ֆինանսա-վարչական ու տեխնիկական հարցերի, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների ժամանակացույցի կազմման վերաբերյալ:

Facebook Comments