ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՈՐԻՍԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ճեմասրահում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցերեկույթ, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, Տաթևի վանահայր Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողներն ու հոգևորականները։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը՝ անդրադառնալով տոնի ծագմանն ու օրվա խորհրդին։ Նա նշեց, որ ցանկացած հասարակություն ամուր է իր հաստատակամ, կրթված երիտասարդներով, որոնցով էլ այսօր կարող է հպարտանալ հայ ժողովուրդը։ Վստահորեն կարելի է արձանագրել այն կարևոր փաստը, որ մերօրյա Հայաստանում կառավարման, իրավական, կրթական, տեխնոլոգիական և մյուս ոլորտներում աշխատում են բարձրորակ մասնագետներ՝ առաջադեմ երիտասարդներ, որոնց գործունեությամբ էլ պայմանավոված է մեր երկրի զարգացման ուղին։ Կրկին շնորհավորում եմ, մաղթում նորանոր հաջողություններ ուսման մեջ և կյանքի մյուս բնագավառներում։

Ուսանողներին շնորհավորեց նաև ԳՊՀ ՈՒԽ նախագահ Մարի Թևոսյանը՝ նշելով, որ աշխարհում բոլոր գեղեցիկ նախաձեռնություններն ու նորարարությունները կյանքի են կոչվում երիտասարդների՝ ուսանողների մեծ եռանդի ու համառ գործունեության արդյունքում։ Շնորհավորում եմ բոլորիս՝ ցանկանալով, որ լինենք հաստատակամ մեր նպատակների իրագործման հարցում, հեղափոխական՝ ոչ միայն որպես քաղաքական թիմի անդամ, այլև՝ որպես շարքային քաղաքացի՝ չհանդուրժելով անարդարություն և կողմնակալ վերաբերմունք, երբեք չընկճվենք տարաբնույթ քննադատություններից, խոչընդոտներից, միշտ լավատեսությամբ  հաղթահարենք դեպի մեր երազանքները տանող ուղին։

Շարունակելով բուհի լավագույն ավանդույթները՝ ԳՊՀ ռեկտորը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեց ԳՊՀ երեք ֆակուլտետների տարվա լավագույն ուսանողներին, ողջ տարվա ընթացքում լավագույնը ճանաչված ընթերցասերներին,մարզիկին և ուսխորհրդականին. Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի տարվա լավագույն ուսանող է ճանաչվել «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Պետրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների  ֆակուլտետի տարվա լավագույն ուսանող՝ «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Թևոսյանը, Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի տարվա լավագույն ուսանող՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ղուլունցը։ «Տարվա լավագույն ընթերցող» անվանակարգում լավագույնն են ճանաչվել Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Լալայանն ու «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Թևոսյանը, «Տարվա լավագույն մարզիկ »անվանակարգում՝ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների  ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե  Ջավահիրյանը, իսկ «Տարվա լավագույն ուսխորհրդական » անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի <<Մաթեմատիկա>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Վանյանը։

Ուսանողական խորհրդի հասարակական ակտիվություն ցուցաբերած անդամներն էլ խրախուսական հուշանվերների արժանացան ՈՒԽ նախագահի կողմից։

Տոնական ցերեկույթն ամփոփեց միջոցառման պատվավոր հյուր, Տաթևի վանահայր Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանը՝ Աստծո խոսքը հղելով երիտասարդներին և նրանց բարօրության համար աղոթք հղելով առ Աստված։

Facebook Comments