ՃՏ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ` ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 18-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Ճարտարգիտության և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական նստաշրջանը` նվիրված ԳՊՀ հիմնադրման 50-ամյակին:

Նստաշրջանը մեկնարկվեց ՃՏ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, Տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ս.Պողոսյանի կարճառոտ ելույթով` միջոցառման ձեռնարկման կարևորության, գիտական ելույթների հաջորդականության, թեմաների ընտրության, զեկուցողների և նրանց գիտական ղեկավարների վերաբերյալ:

Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով ֆակուլտետի նախաձեռնությունն ու բուհի 50-ամյակին նվիրված միջոցառումների հերթական գիտական ձեռնարկը. << Համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված ֆակուլտետային ՈՒԳ նիստերը, համոզված եմ, շարժիչ գործոն կլինեն ԳՊՀ-ում աշնանը կայանալիք հանրապետական գիտաժողովի համար>>: Ծանոթանալով գիտական նստաշրջանի ծրագրին` ռեկտորը ոգևորությամբ ընդգծեց թեմաների արդիականությունը, հետաքրքրությունը, մեծապես ողջունեց օտար լեզուներով ներկայացվելիք զեկուցումները, առաջարկեց կատարված հետազոտություններն ու աշխատանքներն առավել խորապես ուսումնասիրել և ներկայացնել ավելի մեծ լսարանների:

ՃՏ ֆակուլտետի դեկան Ա.Դինգչյանը, ողջունելով ներկաներին , խոսեց գիտական աշխատանքներին ուսանողներին ներգրավելու, հետազոտական գործունեության մեջ ուսանողների անդրանիկ քայլերի հետագա շարունակականության, ինչպես նաև թեմաների արդիականության ու բազմազանության մասին` նստաշրջանի համար կանխատեսելով համապատասխան ընթացք:

Ելույթներով հանդես եկան նաև Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, Էլեկտրոնիկայի և էներգետիկայի ամբիոնի վարիչ Ս.Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լ.Օհանյանը, ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Ս.Ալավերդյանը:

Թեմաների արդիականությունն ու բազմաբովանդակ լինելը, զեկուցումներին համընթաց ներկայացվող ցուցադրություններն ապահովեցին գիտական հաճելի մթնոլորտ, որի ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողներին: Տնտեսագիտության բաժանմունքում զեկուցումների թեմաները բազմաբնույթ էին` վարկերն ու դրանց էությունը, մասշտաբի էֆեկտը, զբոսաշրջության դերը Սյունիքի մարզում , հյուրանոցային համակարգի արդի վիճակն ու զարգացման ուղղությունները, ապրանքի կենսացիկլը, ներդրումային համակարգի մեխանիզմները, դեմոկրատական կառավարման համակարգը`ըստ Սպինոզայի: Ճարտարագիտական սեկտորի թեմաներն էին` <<Էլեկտրոնային զարթուցիչի նախագծում>>, <<Ակտիվ տուրբինով մեծ հզորության հիդրոէլեկտրակայանի էլեկտրական մասի նախագծում>>, <<Արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրամատակարարման համակարգի նախագծում>>: Օտար լեզուների բաժանմունքի թեմաներն էին` << Ֆրանսիայի արտաքին առևտուրը 2016թ-ին և որոշ կանխատեսումներ` կապված 2017թ-ի հետ>>, <<Խաղի տեսությունը>>:

ՃՏՖ ՈւԳ նստաշրջանն ամփոփվեց ռեկտոր Ա.Ղուկասյանի եզրափակիչ ելույթով և մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությամբ:

engineering-economics-1
engineering-economics-2
engineering-economics-3
engineering-economics-4
engineering-economics-5
engineering-economics-8
engineering-economics-12
engineering-economics-6
engineering-economics-9
engineering-economics-10
engineering-economics-11
engineering-economics-7

Facebook Comments