ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը Գորիսի պետական համալսարանում հանդիպում ունեցավ բուհի ուսանողների հետ, ովքեր, սկսած սեպտեմբերի 24-ից, կամավոր ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների դիմավորման, հաշվառման, կարիքների գնահատման աշխատանքներում, ինչպես նաև աջակցել տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ԳՊՀ խորհրդի անդամ Արման Անդրիկյանը և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, կարևորելով նախարարի այցը Գորիսի պետական համալսարան, նշեց այն աշխատանքների մասին, որոնք իրականացվել են ուսանողների կողմից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ուսանողներին և բարձր գնահատելով նրանց կատարած հայրենանվեր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց միասնականության, պատրաստակամության և նվիրումի համար:

Իր խոսքում նախախարը շեշտեց, որ դեռևս մեծ աշխատանքներ ու ծրագրեր պետք է իրականացվեն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցմանը. «Վստահ եմ՝ առաջիկայում Գորիսի պետական համալսարանը ջերմորեն կդիմավորի նաև այն ուսանողներին, ովքեր իրենց ընդհատված կրթությունը հայտնի պատճառներով պետք է շարունակեն մեր բուհերում»:

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ով այդ օրերին ևս Գորիսում էր և ներգրավված համակարգման աշխատանքներում, իր խորին շնորհակալությունը հայտնեց ուսանողներին՝ նույնպես բարձր գնահատելով նրանց համախմբվածությունը և մոտիվացիան:

Հանդիպման ավարտին կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողները շնորհակալություն հայտնեցին նախարարին այցի համար՝ ներկայացելով նաև առանձին դրվագներ իրենց կատարած աշխատանքերի մասին:

Facebook Comments