ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) սիրելի՛ ուսանողներ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում ս. թ. նոյեմբերի 2-6-ը ԳՊՀ ուսանողների համար կկազմակերպվի աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից։

Դասախոսությունները կանցկացվեն ԳՊՀ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Սյունիքի մարզի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիներում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ հնագիտիւթյան ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի այն ուսանողները, ովքեր ակտիվ են և հետաքրքրված Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ, վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել դեպի Հին Խոտ և Հին Շինուհայր ճանապարհը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև հոկտեմբերի 11-ը լրացնեն առցանց հայտը հետևյալ հղումով` https://bit.ly/4ynS4g8 ։

Մասնակցությունն անվճար է:

Facebook Comments