ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՐԱԿՈՎԻ ՅԱԳԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս.թ. նոյեմբերի 20-24-ը ԵՄ «էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպում` հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում Լեհաստանի Հանրապետության Յագելոնյան համալսարանում (Կրակով) տեղի ունեցավ եռօրյա աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասախանատու Սոնա Ալավերդյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել ծրագրի՝ ԵՄ (Լեհաստան, Հունաստան, Լիտվա, Պորտուգալիա) գործընկեր հաստատությունների փորձը կրթական ծրագրերի մշակման, կրեդիտների բաշխման և որակի ապահովման մեխանիզմների կիրառման վերաբերյալ, քննարկել համատեղ, կրկնակի և բազմակի դիպլոմի շնորհմամբ ծրագրերի իրականացման եվրոպական իրավական կարգավորումները, կրթական ծրագրերում կանաչ հմտությունների ներդրման ձևերը։

Աշխատաժողովի առաջին և երկրորդ օրերին կարճ դասընթացների և խմբային քննարկումների առանցքում կոնսորցիումի ազգային և միջազգային գործընկերների միջև համատեղ, կրկնակի և բազմակի դիպլոմի շնորհմամբ կրթական ծրագրերի իրականացման, շարժունության հնարավորությունների ստեղծման և լավագույն փորձի փոխանակման հարցերն էին։ Երկրորդ օրվա վերջում նախատեսված էր նաև ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, արդյունքները և հետագա գործողությունները։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու և զրուցելու Յագելոնյան համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանի հետ։ Քննարկման ընթացքում պրոֆեսորը ներկաների ուշադրությունը բևեռեց կրթության մարտահրավերներին ու հնարավորություններին՝ խոսելով կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման և միկրոորակավորումներ շնորհող ծրագրերի իրականացման իրավական կարգավորումների մասին։

Ընդհանուր առմամբ աշխատաժողովի ձևաչափը բավական արդյունավետ էր․ ստացած տեղեկությունների, հմտությունների և առողջ քննարկումների շնորհիվ ԳՊՀ-ից T-GREEN ծրագրի խմբի անդամները Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի համապատասխան մասնագետների հետ առաջիկայում  կաշխատեն կրկնակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական ծրագրի մշակման շուրջ։

Facebook Comments