«ԿԱՆԵՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ՝ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԲԱՎՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ԳՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրություն ու ԳՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելը. այս հարցերն  էին ընդգրկվել սեպտեմբերի 8-ին կայացած Գորիսի պետական համալսարանի խորհրդի արտահերթ նիստում։ Նախքան նիստի սկսվելը համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ներկայացրեց խորհրդի կազմում ՀՀ վարչապետի որոշմամբ կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված Արտուշ Ղուկասյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը, իսկ հիմնադրի անունից առաջադրված Անետա Բաբայանին փոխարինել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը։ Ռեկտորը շնորհավորեց նոր անդամներին խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ ու արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ համալսարանի կայուն զարգացման:

Արտուշ Ղուկասյանը ԳՊՀ խորհրդի նախագահն էր, ուստի խորհուրդը պիտի ընտրի նոր նախագահ։ Ռեկտորի ներածական խոսքից հետո նիստը վարեց խորհրդի կազմի տարիքով ավագ անդամը՝ ԳՊՀ երկարամյա դասախոս Լարիսա Իվանյանը։ Խորհրդի 20 անդամներից նիստին ներկա էին 15-ը, քվորումն ապահովված էր: Նիստի օրակարգը միաձայն հաստատվելուց հետո Լ. Իվանյանն առաջարկեց խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրել։ Խորհրդի անդամներ Զարեհ Գրիգորյանն ու Մելանյա Թևոսյանը առաջադրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի թեկնածությունը։ Այլ թեկնածուներ չառաջադրվեցին, ընտրվեց հաշվիչ հանձնաժողով և խորհրդի անդամներն անցան  փակ (գաղտնի) քվեարկության։ Ձայների 14 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Ռոբերտ Ղուկասյանը։ Նա նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ շատ պատասխանատու պահ է իր համար։ Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ պարբերաբար այցելել համալսարան։  «Մեծ պարտավորվածություն կա այս ամենում և վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի Գորիսի պետական համալսարանի համբավն ու պատիվը բարձր պահվեն և՛ առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու, և՛ բուհի սահուն զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու գործում։ Գիտեմ, որ բուհի առջև ծառացած են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց դեռ ծանոթ չեմ, բայց կծանոթանամ ու ամեն ինչ կանեմ, որ դրանք օր առաջ լուծվեն, և կարողանանք ԳՊՀ-ի համար ապահովել այնպիսի ընթացք, որի մասին մեր տարբեր զրույցներում և քննարկումներում միշտ նշել ենք։ Հատկապես այս դժվարին օրերին, երբ մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական ծանր փուլում է, մեզ արագ զարգացում է պետք, իսկ դա անհնար է առանց կրթական ոլորտի զարգացման»,-մասնավորապես նշեց խորհրդի նորընտիր նախագահը։

Խորհրդի նիստում հաստատվեց նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի փոփոխված նախագիծը, որը ներկայացրեց համալսարանի գլխավոր հաշվապահ Ռուզաննա Թապտուղյանը:

Facebook Comments