ԿԱՅԱՑԱՎ ԷՐԱԶՄՈՒՍ+ SAH ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ս/թ. դեկտեմբերի 12-14-ը Գորիսի պետական համալսարանում անցկացվեց Էրազմուս + «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH) եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել էր 2020 թ․ Լ’Աքվիլայի համալսարանի համակարգմամբ: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը և Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը, իսկ իրանյան գործընկերն են Թեհրանի համալսարանը և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանը։ Ծրագրի եվրոպական գործընկերներն են Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանը (ՌՖՏՀ Աախենի համալսարանի ճրտարապետության ֆակուլտետ) և Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը։ Ծրագրի նպատակն էր Հայաստանում և Իրանում թարմացնել և բարելավել ճարտարապետական ժառանգության (պատմական կառույցների ինֆորմացիոն մոդելավորում (BIM) և քաղաքային պատմական տարածություններ) կայունության ոլորտում ուսումնական պլանների որակը` համաշխարհային շուկայի կայուն զարգացման կարիքները բավարարելու համար:

Համաժողովի մեկնարկը տրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, իսկ հաջորդ երկու օրերին ծրագրի գործընկեր հաստատությունների 57 ներկայացուցիչների հյուրընկալեց Գորիսի պետական համալսարանը։

Գորիսի պետական համալսարանում ներկաներին ողջունեց բուհի ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ շնորհակալություն հայտնելով երեք տարիների ընթացքում հաջող և բեղուն համագործակցության համար։ Ծրագրի համակարգող, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց ԳՊՀ-ում ծրագրի իրականացման ընթացքը և հիմնական ձեռքբերումները։

Համաժողովը շարունակվեց ծրագրային գործընկեր մյուս հաստատությունների վերջնարդյունքների ներկայացմամբ: Մասնավորապես խոսվեց դասախոսների և ուսանողների վերապատրաստումների, համալսարաններում ճարտարապետական ժառանգության կայունությանն առնչվող ներդրված մոդուլների, հիմնված SAH կենտրոնների, արժեքավոր սարքավորումների գնումների և այլ հարցերի մասին: Առանձնահատուկ նշանակություն ունեին ծրագրի շրջանակում ստեղծված ուսանողական միջազգային թիմերի՝ ճարտարապետական ժառանգության պահպանությանն ուղղված նախագծային աշխատանքները։

Ուշագրավ է, որ համաժողովի ընթացքում վերջապես բուհում իրականացվեց SAH կենտրոնի բացման արարողությունը, ինչը պարբերաբար հետաձգվում էր երկրում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։ Նշենք, որ կենտրոնը հագեցած է առաջատար այնպիսի տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ, ինչպիսիք են համակարգիչները, 3D լուսապատճենման սարքը, շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM) ծրագիրը: Այն նաև նախատեսված է համալսարանում վիդեոկոնֆերանսների կազմակերպման համար։

Facebook Comments