ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ս.թ. հունիսի 20-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում հիբրիդային ձևաչափով (առցանց և առկա) տեղի ունեցավ նախագծի հայաստանյան և եվրոպական համակարգողների և համահամակարգողնեի հանդիպումը: ԳՊՀ-ից հանդիպմանը առցանց մասնակցում էին ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պոռեկտոր Զ. Գրիգորյանը, ԱԿՀԼ բաժնի վարիչ Ն. Սաֆարյանը և կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոն վարիչ Լուիզա Վարդանյանը: Հանդիպման նպատակն էր թարմացնել և տեղեկատվություն փոխանակել մագիստրոսական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի վերաբերյալ: Վարազդատ Հովհաննիսյանը (ՃՇՀԱՀ) ներկայացրեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները՝ ընդգծելով լիցենզավորման գործընթացն ավարտելու հրատապությունը մինչև 2025 թվականի հունիսի վերջը: Կոմիտեն համաձայնություն է տվել աջակցելու՝ հեռավար ուսուցման տեղեր հատկացնելով և բոլոր նոր մշակված ծրագրերում մեկական կրթաթոշակ առաջարկելով՝ խրախուսելով համալսարաններին արագացնելու լիցենզավորման գործընթացը:
Գործընկեր համալսարանները ներկայացրին իրենց առաջընթացը՝ նշելով, որ մի շարք կրթական ծրագրեր արդեն լիցենզավորվել են, իսկ որոշները ներկայացված են լիցենզավորման։ Նշենք, որ նախագծի շրջանակում ԳՊՀ-ում կներդրվի մագիստրոսի կրթական ծրագրով «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագիրը:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին վերապրոֆիլավորվող կրթական ծրագրերի վերաբերյալ հարցեր: Որոշ գործընկեր համալսարաններում կրթական ծրագրերի վերապրոֆիլավորումն ավարտված է, մինչդեռ մյուսներում այն իրականացման փուլում է:
Նաև քննարկվեցին ԱՓ 6-ի / Տարածում, շահագործում և իրազեկում/ շրջանակում իրականացված և իրականացվելիք աշխատանքները:
Հանդիպումը վկայեց հայաստանյան գործընկերների արդյունավետ համագործակցության և նախագծի նպատակների իրականացման նկատմամբ իրենց հանձնառության մասին։


