ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
Գորիսի պետական համալսարանը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ ոգևորությամբ ընդունեց համալսարանականներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ համալսարանականներին շնորհավորական խոսք հղեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուր տարի մեզ վերադարձնում է մի պարզ, բայց կարևոր գիտակցման՝ կրթության նկատմամբ մեր վերաբերմունքից է մեծապես կախված այն հասարակության վաղվա օրը, որում մենք ապրելու ենք։
ԳՊՀ-ի համար կրթության որակը ոչ միայն առաջնահերթություն է, այլև առաքելություն և պատասխանատվություն։ Մենք պետք է շարունակաբար բարձրացնենք կրթության նշաձողը, զարգացնենք գիտահետազոտական և միջազգային համագործակցությունը, խթանենք նորարարությունն ու ստեղծագործական միտքը և համալսարանական միջավայրն ավելի բաց ու նախաձեռնող դարձնենք։
Սիրելի՛ ուսանողներ, եղե՛ք նախաձեռնող, հետաքրքրասեր և համարձակ։ Օգտվե՛ք համալսարանի ընձեռած հնարավորություններից, հետազոտե՛ք, ստեղծե՛ք և ձեր գիտելիքը վերածե՛ք կարողության, մասնագիտական հաջողության և հանրօգուտ աշխատանքի»։
Ողջույնի խոսք ասացին նաև բ.գ.թ., Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, ք.գ.թ., դոցենտ, Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը, ք.գ.թ., դոցենտ, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը, մանկ.գ.թ., դոցենտ, Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը՝ ուսանողներին մաղթելով նորն ընդունելու պատրաստակամություն, հաստատակամություն, արգասաբեր և արդյունավետ գործունեություն, նոր նվաճումների նպատակասլացություն, աշխատասիրություն, նվիրում, ստեղծագործական միտք, տոկունություն և հետևողականություն՝ ընտրված ուղին վստահությամբ անցնելու համար:
Առաջին կուրսեցիներին ողջույնի խոսք հղեց «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ԳՊՀ ուսխորհրդի նախագահ Գարիկ Դալլաքյանը՝ պատրաստակամություն հայտնելով ուսանողներին աջակցելու ուսխորհրդի շարքերն համալրելու գործում:
Առաջին կուրսեցիների անունից շնորհավորանքի ու շնորհակալության խոսք ասաց «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղազարյանը:
Միջոցառման ավարտին ԳՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ուղեկցեցին առաջին կուրսեցիներին ֆակուլտետներ՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դասացուցակներին։
















