ԳՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ERASMUS+ COMPIIT ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 19-20-ը Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել Էրազմուս+ CompIIT (Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին) ծրագրի եզրափակիչ հանդիպումը:

Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել CompIIT ծրագրի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են ձեռքբերումներն  ու ծրագրի շարունակականության ապահովման հնարավորությունները։

Հոկտեմբերի 20-ին միջոցառումը մեկնարկել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ողջույնի խոսքերով, որին հաջորդել են ուսանողների և դասախոսների համար նախատեսված վերապատրաստումները՝ ուղղված նորարարական ուսուցման մեթոդների, թվային գործիքների կիրառման և մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Ուսանողների համար դասընթացներ են վարել ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արտուր Խոջաբաղյանը՝ «Ուսուցում խաղի միջոցով․ ինչպե՞ս են Moodle-ն ու արհեստական բանականությունը ուսուցումն ու նախագծերի կառավարումը դարձնում ինտերակտիվ» թեմայով, և Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր Կարստեն Վոլֆը՝ «Ճկուն համագործակցություն, թիմային աշխատանք և հաղորդակցություն վիրտուալ ու միջսահմանային նախագծերի իրականացման միջավայրում» թեմայով:

Դասախոսների համար վերապատրաստումներ են իրականացրել Լյուվենի կաթոլիկ համալսարանի ինժեներական տեխնոլոգիաների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների պատասխանատու Փիթեր Արրասը՝ «Ընդհանրական և մասնագիտական հմտությունների ինտեգրումը կրթական ծրագրերում և դասավանդման պրակտիկայում» թեմայով,  «CompIIT» Erasmus+ ծրագրի համակարգող Գոհար Ավետիսյանը՝ «Ծրագրի արդյունքների կայուն օգտագործում և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացում» թեմայով, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Նվարդ Օհանյանը՝ «Արհեստական բանականությունը վիրտուալ կրթության կառավարման մեջ․ հնարավորություններ, ռիսկեր և կառավարչական մարտահրավերներ» թեմայով:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի կունենա ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Facebook Comments