ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԷՐԱԶՄՈՒՍ+ COMPIIT ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ԷԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ CompIIT (Կարողունակություններ՝ միջազգային նորարարական նախագծերի համար) ծրագրի շրջանակում ս.թ. մայիսի 26-30-ը Բելգիայի Թագավորություն էին գործուղվել ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը:
Ս.թ. մայիսի 26-28-ը ԳՊՀ ներկայացուցիչները մասնակցեցին Լյուվենի կաթոլիկ համալսարանի Բրյուգե քաղաքի կամպուսում կայացած Եվրոպական տեխնոլոգիաների և ճարտարագիտության կառավարման գագաթնաժողովին (European Technology and Engineering Management Summit-2025), որի աշխատարանները նվիրված էին հետևյալ թեմաներին.
- Խելացի տարածաշրջանների զարգացում,
- Լոգիստիկա՝ խելացի տարածաշրջաններում,
- Ինժեներական խելացի համակարգեր,
- Տեխնոլոգիաների և ճարտարագիտության կառավարում,
- Թվային փոխակերպում,
- Կայուն և շրջանաձև տնտեսություն,
- Կրթություն՝ ճարտարագիտության և կառավարման ոլորտում:
Գործուղման ընթացքում ԳՊՀ ներկայացուցիչները Լյուվենի կաթոլիկ համալսարանում (ք. Լյուվեն) մայիսի 30-ին մասնակցեցին Էրազմուս+ CompIIT ծրագրի կառավարման խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև հետագա գործողությունները, որոնք վերաբերում էին կոնսորցիումի անդամ կազմակերպություններում վիրտուալ ծրագրային կամպուսի թվային ենթակառուցվածքի կիրարկմանը, էլեկտրոնային ուսուցման երեք մոդուլների («Ծրագրի կառավարման գործիքակազմ», «Scrum & Kanban» և «Ճկուն կառավարում վիրտուալ նախագծերի միջավայրում») մշակմանը և փորձնական/պիլոտային դասընթացների իրականացմանը, ծրագրի արտաքին գնահատման առաջին զեկույցի ներկայացմանը: Ծրագրի կառավարման խորհրդի նիստին քննարկվեցին նաև ֆինանսական ու տեխնիկական հարցեր, հաստատվեցին ծրագրի շրջանակում 2025 թվականին Հայաստանում (Գորիսի պետական համալսարանում և Հայաստանի եվրոպական համալսարանում) կայանալիք երկրորդ ամառային դպրոցի ժամանակացույցը և օրակարգը:






