ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
2026 թվականին «Էրազմուսյան օրեր» նախաձեռնությունն անցկացվում է արդեն 10-րդ անգամ՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատություններին, կազմակերպություններին և «Էրազմուս+» ծրագրի մասնակիցներին՝ նշանավորելու միջազգային համագործակցությունը, կրթական հնարավորությունները և հմտությունների զարգացումը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Գորիսի պետական համալսարանի փափուկ հմտությունների լաբորատորիայում (SS Lab) կանցկացվի «Էրազմուսյան օրեր- 2026» խորագրով միջոցառումը։
Այս տարվա կարգախոսը՝ «Սովորել և զարգանալ՝ հմտություններ վաղվա համար», ընդգծում է ժամանակակից աշխարհում հմտությունների զարգացման, որակյալ կրթության, թվային գրագիտության, շարունակական ուսումնառության և միջազգային համագործակցության կարևորությունը։
Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, ներկայացնել ԳՊՀ-ի միջազգային համագործակցության փորձն ու եվրոպական ծրագրերը և խրախուսել համալսարանական համայնքի ակտիվ մասնակցությունը միջազգային կրթական նախաձեռնություններին։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են՝
- «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության հնարավորությունների ներկայացում,
- ԳՊՀ միջազգային համագործակցության և իրականացվող եվրոպական ծրագրերի ներկայացում,
- ճանաչողական և ինտերակտիվ վիկտորինա՝ «Էրազմուս+» ծրագրի և եվրոպական համագործակցության վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ստուգման ու ընդլայնման նպատակով։
«Էրազմուսյան օրեր»-ը հնարավորություն է՝ արժևորելու միջազգային համագործակցության դերը, կիսվելու փորձով, բացահայտելու նոր հնարավորություններ և զարգացնելու ապագայի համար անհրաժեշտ հմտությունները։
Գորիսի պետական համալսարանը սիրով հրավիրում է համալսարանականներին և բոլոր հետաքրքրված անձանց՝ միանալու հոբելյանական միջոցառմանը և միասին բացահայտելու կրթության, միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների ընձեռած հեռանկարները։
