ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԳՊՀ-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին Գորիսի պետական համալսարանում ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «ԵՔ-ԴՄ-ՈՖ-02/23» դրամաշնորհի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը նպատակ ուներ ստեղծելու նոր հարթակ բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման համար և ուսանողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու տարածաշրջանի աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ տոնավաճառը հնարավորություն կտա ուսանողներին հասկանալ իրենց տեղն ու դերը աշխատաշուկայում և մեծապես կնպաստի  նոր հնարավորությունների զարգացմանը: Ռեկտորն ընդգծեց, որ ԳՊՀ-ն աշխատաշուկայի արդի պահանջները բավարարող մրցունակ մասնագետներ պատրաստելու գործում ապահովում է որակյալ կրթություն՝ այդ թվում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ներդրմամբ:

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը, անդրադառնալով ոչ ֆորմալ գործիքակազմով մասնագիտական վերապատրաստումների դասընթացների անցկացման կարևորությանը, իր խոսքում շեշտեց. «Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել այս ծրագրի ծրագրային առաջարկի հեղինակը և աշխատանքների համակարգողը: Ծրագիրը հիմնականում ուղղված էր աշխատաշուկայում երիտասարդների արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ անձնային և մասնագիտական աճ ապահովող կարողությունների զարգացմանը, զբաղվածության առումով երիտասարդների կողմնորոշմանը և աշխատանքի տեղավորմանն աջակցող աշխատանքի տոնավաճառի կազմակերպմանը»:

Տոնավաճառին մասնակցեցին  Գորիս համայնքի 20 առաջատար կազմակերպություններ բանկային, կրթական, հասարակական, ՏՏ և այլ ոլորտներից: Յուրաքանչյուր գործատու հատկացված տաղավարներում ներկայացրել է տեղեկատվական նյութեր ընկերության և առաջարկվող թափուր աշխատատեղերի, վերաբերյալ։ Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեցան նախնական հարցազրույցներ անցկացնելու թեկնածուների հետ, ինչպես նաև խորհրդատվություն մատուցելու աշխատանք փնտրողներին:  Տոնավաճառի մասնակիցները կարողացան ոչ միայն տեղում ծանոթանալ թափուր աշխատատեղերին և աշխատանքային պայմաններին, այլև ներկայացնել իրենց փորձն ու հնարավորությունները, թողնել ինքնակեսագրականներ իրենց նախընտրած գործատուների մոտ:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների)  իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնումը, այնուհետև անցկացվեց «Թիմային աշխատանք» դասընթացը:

Facebook Comments