ԳՊՀ-ՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը պաշտոնապես ազդարարեց «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։

Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ-ի վարչական կազմը, ուսանողները,  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելություն, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունների ներկայացուցիչները, փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, ՀԿ ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ելույթ ունեցան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ տնօրեն Արտաշես Տոռոզյանը:

ԳՊՀ-ի ռեկտոր  Տիգրան Վանդունցը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ համալսարանի կյանքում այսչափ կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար: Կարևորեց կենտրոնի գոյությունը՝ ուղղված ուսանողների և համայնքի երիտասարդների սոցիալական, տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության ակտիվացմանը և հանրային որոշումներում նրանց ներգրավվածությանը:  Նա հույս հայտնեց, որ կենտրոնը պիտի դառնա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, կրթված, կայացած երիտասարդների հղկման դարբնոց:

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ողջունեց բոլորին կարևոր նախաձեռնության համար, ուրախալի համարեց այն փաստը, որ նոր գաղափարներ, ծրագրեր են կյանքի կոչվում՝ ի նպաստ համայնքի զարգացման: Հույս հայտնեց, որ այս համագործակցութունը երկարաժամկետ հաջողություններ է բերելու, ինչպես համալսարանին, այնպես էլ ՝ համայնքին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը շնորհավորեց ԳՊՀ-ին՝ կենտրոնի բացման կապակցությամբ: Հավատացրեց, որ երիտասարդներն են կերտում իրենց ապագան և երիտասարդներն են պատասխանատու իրենց զարգացման համար: Շեշտեց քաղաքացիական կրթության կարևորությունը ժողովրդավարության զարգացման գործընթացում՝ հուսալով, որ կենտրոնը դառնալու է մի վայր, որտեղ ուսանողները զարգացնելու են իրենց սոցիալական և տեխնիկական հմտությունները՝ ի նպաստ համայնքի զարգացման:

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը կարևորեց այն փաստը, որ այս ծրագրով փորձում են ջատագովել առողջ, ներգրավված, գիտակից, նախաձեռնող քաղաքացու ձևավորումը և ծրագրի բոլոր միջամտություններով փորձում են այնպես անել, որ բարելավվի այն միջավայրը, որտեղ ապրում, աշխատում են երիտասարդները: Համոզմունք հայտնեց, որ միասին  շատ կարևոր աշխատանքներ են անելու՝ ի նպաստ երիտասարդների քաղաքացիական հմտությունների զարգացմանը:

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ տնօրեն Արտաշես Տոռոզյանը կարևորեց կենտրոնի գոյությունը այն առումով, որ ուսանողների մոտ կարմատավորվեն քաղաքացիական կրթության կարևոր տարրերը, կդառնան  շատ մասնակցային, ավելի համայնքահեն, նրանց համար կարևոր կլինեն ժողովրդավարական արժեքները:

ՔԿԿ-ն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։

ՔԿԿ-ի աշխատանքների համակարգումը վստահվել է ԳՊՀ -ի վճարովի համակարգում սովորող երկու ուսանողի: Նրանց ուսման վարձավճարները կփոխհատուցի ծրագիրը ։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Facebook Comments