ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Երեկ «Հայկական ժամ»(www.hzham.am) լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Գորիսի պետական համալսարանի հասցեին̀ կեղծված ստորագրությամբ հրապարակելով «ԳՊՀ ռեկտորի հերթական կամայականությունները» զազրախոսությունը, որն ի ցույց է դնում միևնույն ձեռագիրը, տարբեր միջնորդներով հոդվածներ պատվիրող միևնույն մարդկանց, որոնք այդպես էլ չհասկացան՝  անձնական նկրտումներն ու շահադիտական նպատակները նման կերպ արտահայտելով որևէ արդյունքի չեն հասնի: Փաստերին կեղծիք հակադրելով՝  հասարակական կարծիքի վրա ներազդելու անհաջող փորձերը, մեղմ ասած, հոգնեցրել են մարդկանց, որովհետև հայտնի խոսքով ասած՝ հանրությունը վաղուց գիտի, թե «ով ենք մենք և ինչ եք դուք»: Գորիսի պետական համալարանը քանիցս հորդորել է վերոնշյալ լրատվամիջոցին՝ զե՛րծ մնալ համալսարանի հասցեին սուտ ու կեղծիք տարածելուց, չվտանգե՛լ բուհի հեղինակությունը՝ հօգուտ «շահավետ գործարքների» ու էժանագին ինքնահաստատման: Համալսարանի ղեկավարությունը խստագույնս զգուշացնում է կայքի պատասխանատուներին՝ համալսարանին անդրադառնալիս հենվել ստույգ, ճշտված ու հիմնավոր տեղեկատվության վրա, հակառակ դեպքում՝ հարցերի քննարկումը պաշտոնական հերքման տիրույթից կտեղափոխվի իրավական դաշտ. ԳՊՀ-ն հետամուտ կլինի՝ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու բոլոր նյութերի պատվիրատուներին ու իրենց անհայտությամբ հայտնի հոդվածագիրներին: Հոդվածում չարափառորեն շահարկված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում իրազեկելու հանրությանը, որ ԳՊՀ խորհրդի կազմը՝ հատատված ՀՀ վարչապետի 2019թ. հունվարի 27-ի թիվ 39-Ա որոշմամբ, ձևավորվել է սահմանված կարգի համաձայն: Խորհրդի կազմը ձևավորվում է հիմնադրի, լիազոր պետական մարմնի և համալարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից, ուսանողներից: «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ «Համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող»: Կարգը չի պահանջում, որ տվյալ աշխատողն ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, հետևաբար շահարկված հարցը՝ թե կազմում ընդգրկվել է դեկանի պաշտոնակատարը, որը չունի գիտական կոչում(ունի միայն գիտական աստիճան), վիճարկման առարկա լինել չի կարող: Կազմը ձևավորելիս հաճախ աշխատողի՝ տվյալ պահին զբաղեցրած պաշտոնը, գիտական աստիճանն ու կոչումը նշվում են՝ նրա մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: Կառուցվածքային ստորաբաժանումը, կոնկրետ դեպքում ֆակուլտետը առաջադրել է Խորհրդի անդամի թեկնածություններ՝ ոչ թե հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնը՝ դեկան կամ ամբիոնի վարիչ, այլ նրանց՝ ֆակուլտետի աշխատակից լինելը: Իսկ թե ինչ չափանիշներով ու ինչ հանգամանքներում է համալսարանի որևէ աշխատակից  պաշտոն ստանձնել, դա Խորհրդի ձևավորման հետ որևէ առնչություն չունի և քննարկման այլ հարց է: Դեկանի ընտրության ընթացակարգի փոփոխությունները պայմանավորված են եղել գործընթացն ավելի ճկուն, օրինաչափ ու թափանցիկ կազմակերպելու օրախնդիր հանգամանքով: Գործող մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր տարբեր բուհերի, որոնց թվում՝ կազմակերպաիրավական այլ կարգավիճակ ունեցող կրթական հաստատությունների փաստաթղթերի որոշ կետերի տեղայնացումներ են և ենթակա են հույժ վերանայման՝ հաշվի առնելով, որ Գորիսի պետական համալսարանը ՊՈԱԿ է և ունի իր կադրային, գործառույթային առանձնահատկությունները, ռեսուրսային բազան: Վարչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար կարիք կար նաև վերանայելու, ավելի կիրառական  դարձնելու դեկանի ընտրության ընթացակարգի որոշ դրույթներ: Եթե ԳՊՀ գիտական խորհրդում Խորհրդի ձևավորման հարցը սահմանված ձևով չի քննարկվել, ապա որտեղի՞ց է հեղինակ(ներ)ին հայտնի հենց գիտական խորհրդի համապատասխան որոշումը՝ արտատպված գրեթե նույնությամբ. ահավասիկ՝ «Առաջարկ ներկայացնել ԿԳՆ՝ ԳՊՀ Խորհրդի կազմում պահպանելու համալսարանի Խորհրդի կազմը ներկայացնող նախկին երեք անդամների կարգավիճակը, իսկ առկա տեղերի համար ներկայացնել կառուցվածքային միավորներից առաջադրված 6 նոր թեկնածություններ»: Իհարկե, հասկանալի է, որ հեղինակը քաջածանոթ է համալսարանից ԿԳՆ ուղարկված գրություններին, գիտական խորհրդի համապատասխան որոշումներին և ինքն էլ ժխտելով մեքենայաբար հաստատում է դրանք: Ինչ վերաբերում է իրեն սպառած այն մտքին, թե ԳՊՀ Խորհրդի մի քանի անդամներ 2016-ին և 2018-ին չեն առաջադրվել համապատասխան ընթացակարգով և համալսարանում չկա նման փաստաթուղթ, ստիպված ենք ներողամտաբար հիշեցնել, որ 2018թ. հուլիսին Գորիսում ԿԳ նախարարի ներկայությամբ արված նույն պրովակացիոն հայտարարությունը հերքվել է հենց տեղում՝ համապատասխան փաստաթղթի մատնանշմամբ, իսկ պրովակատորը խոստովանել է, որ ինքը, չգիտես ինչու, չէր հիշում այդ մասին: Նաև ուղղենք հոդվածագրին՝ ԳՊՀ Խորհրդի նախորդ կազմը հաստատվել էր 2017 թվականի փետրվարին: Հավելենք, որ 25.10.2018թ. գիտական խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել ԳՊՀ Խորհրդի անդամության թեկնածություններին, որոնցից ԳՊՀ խորհրդի կազմում ներառվել են ոչ թե մեկ, այլ հինգ կառուցվածքային ստորաբաժանում(միավոր) ներկայացնող անդամներ: Իրականության զգացողությունը կորցրած հեղինակին հավանաբար շփոթեցրել է այն հանգամանքը, որ, օրինակ, Խորհրդի կազմում ընդգրկված կառուցվածքային որևէ ստորաբաժանման ղեկավար կարող է համատեղությամբ դասավանդել որևէ ֆակուլտետում, որից Խորհրդի կազմում ընդգրկված լինի նաև որևէ դասախոս, կոնկրետ տվյալ ֆակուլտետի հիմնական աշխատակից: Օրինակները շատ են: Կրթական համակարգի առանձնահատկությունները, աշխատանքային կոնկրետ գործառույթներն այդպես էլ մութ ու անհասկանալի մնացին իրենք իրենց կրթական գործի գիտակ համարող փոքրամիտ, անձնապաշտ ու քինախնդիր մարդկանց համար, որոնք առանց դույզն-ինչ վարանելու լծվել են հայրենի կրթօջախը վարկաբեկելու ապաշնորհ գործին:

ԳՊՀ-ի ՀԿԼ բաժին
Facebook Comments