ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Ապրիլի 11-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացում-քննարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հյուրեր:

   Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում ըստ աշխատանքային փաթեթների իրականացված գործունեության, դասընթացների անցկացման, SWOT վերլուծության, 1-ին մոդուլի (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) շրջանակում իրականացված Պիլոտային դասընթացների անցկացման և արդյունքների, որպես ծրագրի համաֆինանսավորում` ԳՊՀ վերանորոգված և արդիականացված ընթերցասրահի, Ազգային իրազեկության օրվա նախապատրաստական աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

     ԳՊՀ–ում Erasmus+ Heritag ծրագրի համակարգող Հ.Բաբայանը ցուցադրեց և խոսեց Heritag ծրագրի շրջանակներում համագործակցող երկրների կողմից փոխադարձ այցելությունների և համագործակցության արդյունքների, ծրագրի մեկնարկին իրականացված հարցումների, շահառուների ներգրավվածության, ԳՊՀ կազմում ընդգրկված անդամների գործունեության վերաբերյալ: Erasmus+ Heritag ծրագրի ԳՊՀ ներկայացուցիչ, ԳՊՀ ՃՏՖ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, որպես աշխատանքների անմիջական մասնակից, անդրադարձավ Heritag ծրագրի նպատակներին, ծրագրի շրջանակներում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսումնական պլանին, շուկայական պահանջներին ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկին, ԳՊՀ-ում GIS լաբորատորիայի առկայության պայմաններում նախատեսվող քայլերին ու աշխատանքներին:

     Հաղորդումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները տարաբնույթ հարցեր ուղղեցին ծրագրերի ԳՊՀ համակարգողներին ու ներկայացուցիչներին: Հարցերն առավելապես վերաբերում էին LNSS ծրագրային ԳՊՀ խմբի կողմից մշակվելիք ռազմավարական ծրագրի քայլերին, ծրագրի նպատակային դրույթների իրատեսական արդյունքներին, ԳՊՀ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի ստեղծմանն ու թվայնացմանն ուղղված հրատապ աշխատանքներին, SWOT վերլուծության արդյունքում առանձնացված սպառնալիքներին, Heritag ծրագրի շրջանակներում պատրաստվելիք մասնագետների շուկայական պահանջարկին (մասնավորապես` Սյունիքի տարածաշրջանում), ծրագրի մասին ուսանողների ու շահառուների իրազեկվածության խնդրին, խորհրդակցական մարմնի ստեղծմանն ու նոր անդամների ներգրավմանը:

heritag_lnss_1
heritag_lnss_2
heritag_lnss_3
heritag_lnss_4
heritag_lnss_5
heritag_lnss_6
heritag_lnss_7

Facebook Comments