ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 5-ին տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ասել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է:
Նախարարը նաև նշել է, որ ուսումնառության ընթացքում նա ևս արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը, որը շատ պարտավորեցնող է եղել. «Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար, որ այսուհետ քո վարքը լավագույն ուսանողի վարք է և մեծ պատասխանատվություն ես զգում: Իրականում մեզնից յուրաքանչյուրն է ընտրում՝ արժևորելու այս մրցանակի կարևորությունը: Ձեր անձնական և անհատական արժևորումից է կախված նաև, թե դուք այս փոքրիկ հաջողությունն ինչպես կօգտագործեք ձեր հետագա կյանքի մեծ հաջողությունների ճանապարհին: Այս մրցանակը նաև վստահություն կհաղորդի ձեր ուժերի հանդեպ. այն ոչ միայն գիտելիքի գնահատում է, այլև ձեր՝ որպես քաղաքացու, գնահատականն է, ինչն այս մրցույթի կարևոր բաղադրիչներից մեկն է»:
Նախարարն ուսանողներին մաղթել է, որ այս հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների հավաստագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս մրցանակը ինձ վերթևելու ևս մեկ հնարավորություն է տվել, որովհետև կրթությունը միակ զենքն է, որով կարելի է անգամ աշխարհներ նվաճել: Այս մրցանակը ոչ միայն իմ, այլև իմ բուհի ու մարզի հաղթանակն է»,- իր խոսքում նշել է «Լավագույն ուսանող-2022» հանրապետական մրցույթի հայագիտության ոլորտի մրցանակակիր, ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը:
Facebook Comments