ԷՐԱԶՄՈՒՍ+ HERITAG ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Հունիսի 17-18-ը Գորիսի պետական համալսարանում էին Էրազմուս+ ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և գրասենյակի աշխատակիցներ էդիտ Սողոմոնյանն ու Անի Թորոսյանը:
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Էրազմուս+ HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումները զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի արդյունքների մշտադիտարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, HERITAG ծրագրի աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողներն ու շրջանավարտները, այլ շահակիցներ:
ԳՊՀ  ռեկտորը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց  2017թ-ից ԳՊՀ-ում գործող HERITAG եռամյա ծրագրի նպատակների, շոշափելի արդյունքների, ծրագրի շրջանակներում ներդրված «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի, դրա շուկայական պահանջների ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկի, ԳՊՀ-ում GIS (Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ) լաբորատորիայի ստեղծման և գործունեության ընդլայնման մասին:
Ռեկտորը կարևորեց ԳՊՀ-ի մասնակցությունը ծրագրին` հույս հայտնելով, որ բուհի աշխատակիցերը և «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսանողներն իրենց նոր նախաձեռնություններով կապահովեն ու կամրապնդեն ծրագրի շարունակականությունը և շահեկանությունը:
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան բովանդակալից ներկայացրեց  HERITAG ծրագրի նպատակներն ու ծանոթ լինելով ԳՊՀ-ի մասնակցությանը ծրագրին` նշեց, որ մշտադիտարկման հիմնական նպատակն է բացահայտել HERITAG ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում 2017թ. ներդրված և գործող « Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի արդյունավետությունն ու ծանոթանալ այդ մասնագիտության ուսանողների, շրջանավարտների մասնագիտական պատրաստկանությանը և զբոսաշրջության ոլորտում նրանց ձեռք բերած գիտելիքների կիրառությանը:
Մշտադիտարկմանը մասնակից «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներն ու շրջանավարտները ներկայացրեցին, թե ինչու են ընտրել հենց այս մասնագիտությունը, ինչպիսին էին իրենց ակնկալիքները նոր մասնագիտության ընտրության հարցում և որքանով արդարացվեցին սպասումները: Նրանք նաև անդրադարձան մագիստրոսական այս ծրագրի ընթացքում ձեռք բերված  գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությանը` նշելով, որ ստացած գիտելիքները օգնում են իրենց մասնագիտական զարգացմանը:
Աշխատանքային առաջին օրվա ավարտին հյուրերը եղան ծրագրի արդյունքում բացված, տեղեկատվական անհրաժեշտ տեխնոլոգիաներով կահավորված երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիայում`դիտարկելու, թե տրամադրված սարքավորումները որքանով են նպաստում կրթական գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն և ծրագրերի շարունակական զարգացմանը, ինչպես նաև ուսումնասիրեցին մագիստրատուրայի ուսանողների քարտեզագրման մի քանի աշխատանքներ:
Հունիսի 18-ին ուսանողները տեղեկացան Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ կրթաթոշակային հնարավրությունների մասին (Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր), իսկ աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացան Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն դրամաշնորհային մրցույթի շրջանակներում գրագետ ու հաջողակ առաջարկների փաթեթ ներկայացնելու համար անհրաժեշտ գործնական քայլերին։

Facebook Comments