Ամփոփիչ աշխատաժողով Էրազմուս+ SAH ծրագրի ԱՓ 1֊ի (Նախապատրաստում) շրջանակներում

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում Ճարտարապետական ժառանգության կայունության համար» (SAH) ծրագրի աշխատանքային առաջին փաթեթի (ԱՓ 1. Նախապատրաստում) ամփոփիչ աշխատաժողովը: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքային խմբի անդամներ Նաիրա Սաֆարյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի ղեկավար), Սիրանուշ Պողոսյանը (ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս), Գուրգեն Մինասյանը (ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս), Գայանե Շաբունցը (ԳՊՀ ՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավար) և Սոնա Ալավերդյանը (ԳՊՀ ԱԿՀ բաժնի մասնագետ):
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՌՖՏՀ Աախենի համալսարանի ներկայացուցիչ Կարոլա Նեյգեբաուերը՝ ողջունելով մասնակիցներին և ներկայացնելով հանդիպման նպատակն ու քննարկվելիք հիմնական հարցերը։ Նշվեց, որ SAH ծրագրի աշխատանքային առաջին փաթեթը համակարգում են ՌՖՏՀ Աախենի համալսարանն ու Գորիսի պետական համալսարանը, և այն նվիրված է ճարտարապետական ժառանգության կայունության համար միջառարկայական նոր մոդելի և ճարտարապետության՝ գործնական ուղղվածությամբ բակալավրիական ու մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը:
Կարոլա Նեյգեբաուերը խոսեց նաև եվրոպական գործընկեր համալսարաններում SAH կրթության համար գոյություն ունեցող չափանիշների, մոտեցումների, գիտելիքների և կարողությունների համեմատական վերլուծության արդյունքների մասին: Ավելի ուշ Մոսկվայի պետական շինարարական համալսարանից Ստեֆան Շվեդովը ներկայացրեց կարողությունների, գիտելիքների և հմտությունների վերաբերյալ ստանդարտացված հետազոտության պատկերը: Նշենք, որ ծրագրի ԱՓ 1-ի (Նախապատրաստում) շրջանակներում  իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակը ոլորտի կրթական ծրագրերի վերջնարդյունքների հստակեցումն է, այսինքն՝ բացահայտել այն մասնագիտական կարողությունները և գիտելիքների ոլորտները, ինչպես նաև ընդհանուր հմտությունները, որոնք առանցքային են հուշարձանների և քաղաքների պահպանության ոլորտի կրթության բարելավման համար, որոնց պետք է տիրապետեն պատմամշակութային ժառանգության վերականգնման և պահպանման ապագա մասնագետները, և որոնք հետագայում կօգտագործվեն վերը նշված ոլորտում բակալավրիատի ու մագիստրատուրայի համապատասխան կրթական ծրագրեր և մոդուլներ ստեղծելու համար:
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները, բաժանվելով 3 խմբի, քննարկեցին ներկայացված հետազոտության վերլուծության որոշ խնդրահարույց կետերը, ինչպես նաև ԱՓ 1-ինի հիմնական վերջնարդյունքները, որոնց հիման վրա ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունները կպլանավորեն հետագա անելիքները մյուս աշխատանքային փաթեթների շրջանակներում:

ԳՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ





Facebook Comments