«Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագիր

Գորիսի պետական համալսարանը հետազոտական խմբի ձևավորմամբ և մրցութային կարգով մասնակցել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրին, որի շրջանակներում 2017թ.-ից համալսարանում գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագիը:Ծրագրի նպատակը Սյունիքի նյութական և հոգևոր ժառանգության ուսումնասիրությունն է, որն իրականացվում է գիտական հետազոտությունների, դաշտային ու փորձարարական աշխատանքների միջոցով, գիտահետազոտական հետևյալ ուղղություններով՝ Սյունիքի պատմություն, հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, գրականություն, լեզվական մշակույթ, էթնոսոցոլոգիական և էթնոմշակութային արդի գործընթացներ, մարդաբանություն, վիմագրություն: Աշխատանքի հիմնական նպատակն է՝ նոր, դեռևս չուսումնասիրված թեմաների ուսումնասիրությունը:Ժամանակը անհրաժեշտաբար պահանջում է մշակել համալիր ծրագրեր՝ Սյունիքում ապահովելու հայագիտության զարգացման բարձր մակարդակ և լավագույն հնարավորություններ: Սյունիքի մարզում կան դեռևս չուսումնասիրված բազմաթիվ ու բազմապիսի պատմամշակութային հուշարձաններ, գրական, բանահյուսական, ազգագրական, հնագիտական արժեքներ, հոգևոր ու նյութական անսպառ հարստություններ, որոնք կարոտ են գիտական արժևորման, լուսաբանման ու հրապարակման:
Ծրագրի հրապարակումներին կարող եք հետևել հետևյալ հղմամբ` http://syunik-smh.blogspot.com/

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ. «ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ»

ԳՊՀ 50 գիտաժողովԳորիսի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին:

Գիտաժողովի թեմատիկ շրջանակը՝

  • Սյունիքի կրթամշակութային օջախները. Տաթևի վանքը՝ իբրև հոգևոր-մշակութային կենտրոն,
  • Սյունիքի հնագիտական մշակույթը և ազգագրական միջավայրը,
  • Սյունիքի լուսավորիչ մանկավարժները և հոգևոր-մշակութային գործիչները,
  • Դպրոցական գործի ձևավորումը Սյունիքում, դպրոցների տիպերը, համակարգը և դրանց կրթական գործունեությունը,
  • Պարբերական մամուլի, տպագրության սկզբնավորումը և հետագա ծավալումը,
  • Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական օջախների կազմակերպումը,
  • Գիտության տարբեր ճյուղերի զարգացումը, հիմնական գիտական նվաճումները,
  • Կրթության, գիտության և մշակույթի արդի հիմնախնդիրները Սյունիքի մարզում,
  • Սյունիքի գրական ընտանիքը: 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով tmarutyan@mail.rugorsuconference.50@mail.ru էլ.հասցեին ուղարկել

  1. գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը,
  2. հոդվածի տեքստը` մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Ի գիտություն՝

Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Հոդվածի ծավալը՝ մինչև 10 էջ,
  • Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
  • Ունենալ անոտացիա՝ հայերեն և անգլերեն  լեզուներով,
  • Բանալի բառեր` հայերեն և անգլերեն  լեզուներով,
  • Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
    • Ռուսերեն՝ Times New Roman,  տառաչափ՝ 11
    • Հայերեն՝  Sylfаen,  տառաչափ՝ 11
    • Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 11

Հոդվածներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Մասնակիցների գիշերակացն ապահովում է համալսարանը:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովից հետո:

Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ ԳՊՀ ռեկտոր, ֆիզ. մաթ. գ. դ., պրոֆեսոր Ա.Ա. Ղուկասյան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի պատասխանատու քարտուղար Թեհմինա Մարությանին, բ.գ.թ., դոցենտ (e-mail: tmarutyan@mail.ru, հեռ.՝ 093-00-31-03, 098-19-67-03 աշխ.):

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Ավանգարդ 2,4:

Գիտաժողովի տեղեկատվական նամակը(երեք լեզուներով) և մասնակցության հայտը՝  այստեղ ԳՊՀ – գիտաժողովի տեղեկատվական թերթիկ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

collageՍ.թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի կունենա բաց դասախոսություն՝ «Ա.Բակունցը 1920-1930-ական թվականների գրապայքարի բովում. վերաարժևորումներ» թեմայով՝ նվիրված գրողի մահվան 80-րդ տարելիցին: Բանախոս՝ Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ


«ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»

Բակունցյան-ընթերցումներ-1

Հունիսի 13-ին Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակի առթիվ «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեցին «Բակունցյան ընթերցումներ»: Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Արցախի և Սյունիքի ԳՄ ներկայացուցիչները, մշակութային գործիչներ, հյուրեր Երևանից, Սիսիանից ու Կապանից:
Բացման խոսք ասաց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ տարիերի ընթացքում Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն հանճարեղ արձակագրի ստեղծագործությունն ունի այնպիսի շերտեր, նրբերանգներ, լուսաբնության կարիք ունեցող հարցեր, որոնք ուրույն իմաստ ու հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում, և գրականագիտական միտքը դեռ լիովին չի թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան ու առեղծվածային աշխարհը: «Յուրաքանչյուր սերունդ իր հետ բերում է նոր պահանջներ, իր առջև դնում է նոր խնդիրներ, հետևաբար ներքին զարգացման օրինաչափությամբ հնին պետք է հաջորդի, փոխարինի, լրացնի նորը: Ամեն ինչ ժամանակի առջև կանգնում է վերագնահատման ու վերանայման անհրաժեշտությամբ»: Գիտական ընթերցումներ կազմակերպելու ձեռնարկը Բակունցի ստեղծագործության գնահատությունը ևս մեկ էջով լրացնելու փորձ էր: Ողջույնի խոսք ասացին գիտաժողովի հյուրերը՝ Արցախի ու Հայաստանի գրողների միության անդամ, անվանի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, բանաստեղծներ Արիս Արսենին և Սոնա Համբարձումյանը: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Ակսել Բակունցը Գորիսի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտ»), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը («Ակնարկից պատմվածք. Բակունցի ակնարկները՝ հոգևոր զարգացման ճանապարհ»), Գորիսի համայնքապետարանի առաջատար մասնագետ, բ.գ.թ., Լիլիթ Թունյանը («Բակունցի բառի ներաշխարհն ու պատկերային նրբերանգները»), Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը(«Էջեր Բակունցի տուն-թանգարանի ստեղծման պատմությունից»), ԳՊՀ ՀԼԳ ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Բարբառայնությունը Բակունցի «Կյորես» և «Կարմրաքար» երկերում), ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը («Կերպարների հոգեբանական բացահայտման մի քանի հարցեր Բակունցի «Մթնաձոր» ժողովածուում»), ինչպես նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով խոսեց Գուսան Աշոտ-Ակսել Բակունց գրական առնչակցության մասին՝ ֆակուլտետին նվիրելով նաև օրերս լույս տեսած «Սյունյաց երկրի» բացառիկ թողարկումը՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժևորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստանության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երևույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարականի բարձրարվեստ համաձուլման գրական ձիրքը: Բակունցի դիմանկարը ամբողջացավ և՛ ստեղծագործությամբ, և՛ կերպարով:
Միջանկյալ նշենք, որ գիտաժողովին պետք է մասնակցեին նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտաշխատողները՝ տնօրեն Վարդան Դևրիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, սակայն անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի մահվան պատճառով Գորիս կատարելիք նրանց այցը հետաձգվել է:
Բակունցյան օրը շարունակվեց գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի մշակությային կառույցների ստեղծագործական ուժերով կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ: Գորիսի պետական համալսարանի ուսանողները նույնպես ներկայացան Բակունցի՝ «մյուռոնի նման սրբազնագույն» էջերի ընթերցումներով: Գրական տոնը հրաշալի առիթ էր՝ նորից ու նորից Բակունցի բյուրեղյա աշխահին հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու ու վեհանալու:ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 118-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ «ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»-Ի ԾՐԱԳԻՐ pdf-icons

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

IMG_3058

Մայիսի 8-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել էր հանրապետական գիտաժողով՝ «Շուշին պատմության քառուղիներում» խորագրով` նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում էին  երկու տասնյակից ավելի պատվիրակություններ ՀՀ բուհերից և ակադեմիական ինստիտուտներից: Գորիսի պետական համալսարանից գիտաժողովին մասնակցում էին «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագրի գիտաշխատող, ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը(զեկուցման թեմա՝ «Սերո Խանզադյանի «Շուշի» վեպի պատմականության հարցի շուրջ») և ծրագրի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը (զեկուցման թեմա՝ «Սիմեոն Տեր-Մինասյանի մանկավարժական և հասարակական գործունեությունը Շուշիում 1911-1912 թթ.»):
Գիտաժողովի մեկնարկից առաջ պատվիրակներն ու համալսարանականները հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին, ապա մասնակցել ԱրՊՀ նախասրահում բացված ցուցահանդեսին՝ նվիրված  Շուշիի ազատագրման 25-ամյակին: Լիագումար նիստի բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար:Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  ԱԺ նախագահը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ԱրՊՀ-ն դարձել է այնպիսի հարթակ, որտեղ ամենատարբեր ձևաչափերով հայկական գիտական ընտրանին քննարկում է ազգային խնդիրներ, նշանավորում ձեռքբերումները: «Շուշիի տեղն ու դերը հայոց  քաղաքակրթական համակարգում» թեմայով զեկուցումով հանդես է եկել ԱՀ ԱԺ փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր  Վահրամ Բալայանը: Լիագումար նիստի ավարտին ցուցադրվել է Վ. Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» վավերագրական ֆիլմաշարից Շուշիի ազատագրման մասին պատմող տեսանյութ: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: ԳՊՀ-ի պատվիրակությունը մայիսի 8-ին և 9-ին Ստեփանակերտում և Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված պետական միջոցառումներին:

«ՍՅՈՒՆԻՔԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

Գորիսի պետական համալսարանը հետազոտական խմբի ձևավորմամբ և մրցութային կարգով մասնակցել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրին, որի շրջանակներում 2017թ.-ից համալսարանում գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագիրը:
Օրերս համալսարանում ռեկտոր Ա.Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հաշվետու հանդիպումը ծրագրի ղեկավար Մ.Զիլֆուղարյանի ու գիտաշխատողների հետ, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել աշխատանքային պլանները, ամփոփել հետազոտական գործունեության առաջին եռամսյակի արդյունքները, ձեռքբերումները, գիտական թեմատիկ հետազոտությունների զարգացման հեռանկարները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Հանդիպմանը գիտական հետազոտությունների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի գիտաշխատողները:
ԳՊՀ Պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան Ս.Հախվերդյանը խոսեց «Գորիսի ճարտարապետական հուշարձանները» մենագրության մասին, որը պատրաստ է տպագրության և կազմում է 250 էջ: «Գորիսի բազմադարյան պատմության ընթացքում բնակավայրում ստեղծվել են նյութական մշակույթի մեծարժեք հուշարձաններ, որոնք Զանգեզուրի անկրկնելի բնության հետ մեկտեղ գեղարվեստականորեն արժեքավորում են Գորիսը, զգացնել տալիս նրա անցած պատմական ուղին և պայմանավորում նրա ինքնատիպ պատմական դեմքը: Անզուգական բնությունը, արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցից հատկապես արժեքավոր են բազմաթիվ բնական և արհեստական բնակելի քարայրները և բնակել տները, և քաղաքի ինքնատիպ ճարտարապետական դեմքը բավարար հիմք են հանդիսանում քաղաքում պատմամշակութային ֆունկցիայի զարգացմանը, որն իր հերթին կնպաստի նաև տեղական ու օտարերկրյա զբոսաշրջության զարգացմանը», նշեց Ս.Հախվերդյանը: Նա տեղեկություններ հաղորդեց նաև Տեղ գյուղի պատմության ու պատմական հուշարձանների ուսումնասիրության վերաբերյալ, որոնց արդյունքները կրապարակվեն առաձին հոդվածի տեսքով:
Ծրագրի գիտաշխատող, ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Մ.Թելունցի ծրագրային գիտական հետազոտություններն առնչվում են 18-րդ դարի Սյունիքի և Արցախի ազատագրական շարժման առաջնորդներից Մխիթար-Բեկի(Սպարապետ) մահվան ժամանակի հետ կապված վիճահարույց հարցերի լուսաբանմանը, ինչպես նաև սպարապետի կյանքին ու գործին առնչվող այլ խնդիրներին:
ԳՊՀ ՀՀՄՖ դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանի գիտական հետազոտությունները ծրագրի շրջանակում վերաբերում են Սյունյաց գրական ընտանիքի ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականություններից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր Ալբերտ Իսաջանյանի գեղարվեստական անտիպ ժառանգության, գրական արխիվի ուսումնասիրությանը: «Ժամանակը բերում է իր գրական հոգսերը, և այս ձեռնարկն էլ գրական հավաքական մտահոգություների արդյունք է՝ կապված Ալբերտ Իսաջանյանի անտիպ գեղարվեստական ստեղծագործությունները հրատարակելու օրախնդիր անհրաժեշտության հետ»,-նշեց Թ.Մարությանը: – Նորություն չէ, որ գրողն ապրում է իր ստեղծագործություններով և կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կարդում և հիշում են նրա գործերը: Ա.Իսաջանյանի բարձրակարգ գրական ժառանգությունը հայ հանրային, անգամ գրական գիտակցության մեջ դեռևս չի գրավում իր արժանի տեղը, որովհետև ասպարեզի վրա չկա երկերի ամբողջական հրատարակությունը: Բանաստեղծը կենդանության օրոք տպագրել է ընդամենը երեք գիրք՝ <<Ծաղկե կամուրջ>>(1965), <<Ծաղիկ իմ հեռավոր>>(1977) բանաստեղծական ժողովածուները և <<Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել>>(1971) վիպակը: Գրողի ժառանգության մի ստվար մասը մեզ հասել է ձեռագիր վիճակում կամ մեքենագրված հեղինակի ձեռքով: Ցավոք, Իսաջանյանը չհասցրեց հրատարակել <<Հասմիկի ճյուղը>> ուշագրավ վեպը, որն արդեն ներկայացրել էր տպագրության 1981 թվականին և ժամանակի գրաքննության կողմից գործի երեք մասերը միավորելու, վերամշակելու խստադատ պահանջագիր ստացել: Իսաջանյանի արխիվում խնամքով պահպանվում են <<Արա Գեղեցիկ և Մարիամ>>, <<Սուրճի իմ ծառ>> վիպակները, <<Հասմիկի ճյուղը>> և <<Կանձրևե տղաս>> ծավալուն վեպերը, որոնք հատկանշվում են գեղարվեստական բարձր արժեքով և պետք է անպայման դրվեն ընթերցողի սեղանին: Ցավոք, գրողի մահից երեք տասնամյակ անց, չնայած ձեռնարկված որոշ քայլերին, անտիպ ժառանգության հրատարակման խնդիրը դեռ լուծում չի ստացել»: Թ.Մարությանը հավելեց, որ աշխատանքներ են ընթանում «Հասմիկի ճյուղը» վեպի ձեռագիրը գիտական հրատարակության պատրաստելու ուղղությամբ: Նա առաջարկեց վերահրատարակել նաև Իսաջանյանի բանաստեղծական հունձքը մեկ գրքով՝ ընդգրկելով նաև անտիպները: Ծրագրի շրջանակում Թ.Մարությանը զբաղվում է նաև Ա.Բակունցի և Ս.Խանզադյանի ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրությամբ:
Ծրագրի ավագ գիտաշխատող, բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ստեփանյանի հեղինակությամբ տպագրության ընթացքում է «Սիմեոն-Տեր Մինասյան. մանկավարժն ու հրապարախոսը» մենագրությունը (պատասխանատու խմբագիր՝ պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Խառատյան, գրախոսներ՝ մ.գ.դ., պրոֆեսոր Հ.Պետրոսյան, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարության, պ.գ.թ., դոցենտ Հ.Հարությունյան), որում արխիվային փաստաթղթերի, ժամանակի մամուլից քաղած փաստական նյութերի ու ականատես-ժամանակակիցների հուշերի հենքի վրա ուրվագծվում է XX դարասկզբի բազմաշնորհ ու լուսամիտ գործիչներից մեկի` մանկավարժ, հրատարակիչ-խմբագիր, հրապարակախոս Սիմեոն Տեր-Մինասյանի կյանքն ու գործունեությունը:
Ծրագրի գիտաշխատող Մ.Առուստամյանի հետազոտության շրջանակում աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրների ուսումնասիրությունն է Սյունիքի մարզում:
Հանդիպման ընթացքում ներկաները կարծիքներ փոխանակեցին խնդրադիր հարցերի շուրջ, քննարկեցին դրանց լուծմանն ընթացք տալու առաջնային ու հնարավոր ուղիները, ժամկետները:
Ամփոփելով նիստը՝ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը հաշվետու զեկույցները գնահատեց բավարար և արդյունարար աշխատանք մաղթեց գիտաշխատողներին:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել գիտական կոնֆերանս՝ «Սյունիքի հոգևոր և մշակութային ժառանգությունը» թեմայով՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին:

«Սյունիքի նյութական և հոգևոր ժառանգությունը» գիտական ծրագրի աշխատակազմը

Ղուկասյան Արտուշ, ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր, ԳՊՀ ռեկտոր – խորհրդական
Զիլֆուղարյան Մարտին, ի.գ.թ. – ծրագրի ղեկավար
Մարության Թեհմինա, բ.գ.թ., դոցենտ – գիտաշխատող,ծրագրի ղեկավարի տեղակալ
Գևորգյան Համլետ, պ.գ.դ., պրոֆեսոր – ավագ գիտաշխատող
Ստեփանյան Գևորգ, պ.գ.դ., պրոֆեսոր – ավագ գիտաշխատող
Հարությունյան Գրիշա – գիտաշխատող
Թելունց Մալիկ, պ.գ.թ., դոցենտ – գիտաշխատող
Հախվերդյան Սերյոժա, դոցենտ – գիտաշխատող
Հարությունյան Սամվել – գիտաշխատող
Առուստամյան Մարգարիտ, դոցենտ – գիտաշխատող
Գրիգորյան Անուշ – համակարգչային օպերատոր
Թափտուղյան Ռուզաննա – գլխավոր հաշվապահ
Արզումանյան Արևիկ – աշխատակազմի կառավարման բաժնի ղեկավար