DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ ԳՊՀ-ՈՒՄ

Ս. թ. սեպտեմբերի 19-ին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ազգային իրազեկման օր» միջոցառումը, որը նպատակ ուներ համալսարանի ներքին շահակիցներին իրազեկել ԳՊՀ-ի մասնակցությամբ իրականացվող Էրազմուս+ DeSIRe, CompIIT, T-GREEN և SMARTI ծրագրերի, դրանց իրականացման, ընթացքի, արդյունքների և ազդեցության մասին:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ արժևորելով ԳՊՀ-ի մասնակցությունն այդ կարևոր նախագծերում և դրանց զգալի ազդեցությունը համալսարանի վրա: Նա նշեց, որ Էրազմուս+ ծրագրերում ԳՊՀ-ի ներգրավվածությունը մեծապես նպաստում է կրթության, հետազոտության և միջազգային համագործակցության զարգացմանը, ընձեռում է շարժունության ու լավագույն փորձի փոխանակման հնարավորություններ և թույլ է տալիս մեր ուսանողներին և դասախոսներին ընդլայնել իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները:

Էրազմուս+ ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացրին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը և ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ Նազելի Հախվերդյանը:

Օրակարգում էին հետևյալ հարցերը.

  • Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի իրականացումը, աշխատանքային փաթեթները և արդյունքները,
  • Փափուկ հմտությունների վերաբերյալ վերապատրաստման առցանց երկու դասընթացներ Էրազմուս+ DeSIRe ծրագրի շրջանակում՝ «Կրթական տվյալների հավաքում ու մշակում» և «Զանգվածային բաց առցանց դասընթացի ստեղծում, MOOCs»,
  • Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրի իրականացումը և ընթացքը,
  • Էրազմուս+ SMARTI «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի իրականացումը, արդյունքները և ազդեցությունը,
  • Էրազմուս+ CompIIT ծրագրի իրականացումը, աշխատանքային փաթեթները և արդյունքները:
Facebook Comments