ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս. թ. հոկտեմբերի 21-25-ը Էրազմուս+ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակներում Գրանադայի համալսարանում (Իսպանիայի Թագավորություն) կազմակերպվել են երեք ուսումնական մոդուլների և մեկ զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC) նախագծման ու իրականացման վերապատրաստումներ, ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որին ԳՊՀ-ից մասնակցել են ռեկտոր Տիգրան Վանդունցը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Մերի Գրիգորյանը։

Աշխատանքային շաբաթը ներառում էր տարբեր ինտերակտիվ դասընթացներ ու աշխատարաններ՝ նվիրված «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», «Հավասարություն, բազմաշերտություն ու ներառականություն», «Հիմնական ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն ու ակտիվություն» և «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» թեմաներին:

Վերապատրաստման մասնակիցներն ընդգրկված էին տեսական և գործնական աշխատանքներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերոնշյալ հմտությունների կիրառմանը դասավանդման և ուսումնառության գործընթացում:

Գրանադայի համալսարանի պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին սեփական փորձը և առաջարկեցին գործիքներ, որոնք կօգնեն կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներին իրենց մասնագիտական գործունեության մեջ ինտեգրել կարևոր փափուկ հմտություններ: Ծրագրով նախատեսված է, որ այս դասընթացից անմիջապես հետո կձևավորվի չորս աշխատանքային խումբ (մեկական վերապատրաստված մասնակից յուրաքանչյուր բուհից), որոնք երկշաբաթյա ժամանակահատվածում կմշակեն ՓՀ ներբուհական վերապատրաստումների համար նախատեսված ուսումնական մոդուլների փաթեթներ:

Հոկտեմբերի 24-ին նաև տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում կոնսորցիումի անդամ համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրականացված աշխատանքների, ծրագրի ընթացքի և հետագա գործողությունների մասին: Քննարկումներ տեղի ունեցան սարքավորումների գնման և փափուկ հմտությունների կենտրոնների ստեղծման հետ կապված խնդիրների շուրջ:

Facebook Comments