«ԳԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ 2024» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՈՒՀԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից» ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Վահան Բադալյանին և պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեին:

Հանդիպման ընթացքում խոսել են բուհի ստեղծման, ներդրված նոր մասնագիտությունների, ֆակուլտետների, բուհում «Կերպարվեստ» մասնագիտության անհրաժեշտության, ԳՊՀ-ի՝ Սյունիքի մարզում մայր բուհ լինելու կարևորության, պրակտիկաների, համագործակցությունների մասին:

Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Վահան Բադալյանը ներկայացրել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024»  ծրագիրը, որի նպատակն է ծանոթացնել միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ներկայացնել տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր,

աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի Երևանում, Գորիսում, Վանաձորում և կդառնա մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։

Facebook Comments