ԱՄՓՈՓՎԵՑ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 1-ԻՆ ՓՈՒԼԸ

Այսօր ԳՊՀ-ում հավաստագրեր հանձնվեցին «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի 1-ին փուլի մասնակիցներին:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ունկնդիրներին՝ Գորիսի պետական համալսարանն ընտրելու և կրթական ծրագրի առաջին շրջանավարտները լինելու համար: Նա հույս հայտնեց, որ ստացած հավաստագիրը կօգնի ծավալելու մանկավարժական գործունեություն և կդառնա ապագա հաջողությունների գրավականը, ինչպես նաև վարակիչ կլինի շատ ուսուցիչների համար: Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին՝ ներդրած ջանքերի և պատրաստակամության համար,  ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցին՝ կրթական ծրագիրը նախագծելու և  մեծ նվիրումով այն իրականացնելու համար:

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, կրթական ծրագրի համակարգող Արփինե Դինունցը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ ԳՊՀ-ի համար պարտավորեցնող էր առաջին անգամ՝ որպես երաշխավորված կազմակերպություն, հանդես գալ այս ձևաչափով՝ նպատակ ունենալով ուժեղացնել Սյունիքի մարզի հանրակրթության ոլորտը: «Մենք բոլորս մտադիր ենք զարգացնել Սյունիքի մարզի կրթական համակարգը և ի դեմս Ձեզ՝ մենք  ունենք գործընկերներ, որոնց արդյունավետ գործունեության մասին դեռ շատ ենք լսելու»,- ամփոփեց Ա. Դինունցը:

Ծրագրին մասնակից ունկնդիրները  շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավար կազմին՝ նման հնարավորություն ընձեռելու, օգնելու և մշտապես աջակցելու համար: Հանդիպման ավարտին ռեկտոր Տ. Վանդունցը կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական 4-ամսյա ծրագրի ունկնդիրներից հավաստագրեր ստացան 9-ը՝ Կապան, Տաթև, Սիսիան համայնքներից:

Հիշեցնենք, որ կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար, որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Անգլերեն» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով:

Facebook Comments