ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գորիսի պետական համալսարանի գրադարանը համալրվել է  Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկհատոր աշխատությամբ:

Գագիկ Հայրումյանի  «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն (Հին Գորիս) գյուղի պատմությանը:

Գիրք առաջինը ներկայացնում է գյուղի աշխարհագրությունը, պատմությունը, բնակչությունը, կենցաղն  ու սովորույթները, տարբեր ժամանակների տնտեսական հարաբերությունները: Առանձին բաժիններում անդրադարձ է կատարվում կրթական համակարգին, գիտությանը, հասարակական-քաղաքական կյանքին, մշակույթին և առողջապահությանը: Ներկայացվում է խոհանոցն ու ավանդական խաղերը:

Գիրք երկրորդում հեղինակը ներկայացնում է գյուղի տոհմագրությունը, որը ընդգրկում է ավելի քան 200 տարի՝ 19-րդ դարի սկզբից մինչև 2019 թվականը: Այն պարունակում է գյուղի տոհմերի, գերդաստանների և ընտանիքների վերաբերյալ հավաքագրված տվյալներ, ինչպես նաև Մինքենդից  1905 թ. հայ-թաթարական հակամարտությունների հետևանքով Հին Գորիս գաղթած ընտանիքների տոհմագրությունը:Գիրքը ներառում է նաև գյուղի անունադարանը:

Սրտանց շնորհավորում ենք Գագիկ Հայրումյանին այս նշանակալի աշխատության լույսընծայման առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ և երկարամյա բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ հայրենագիտական արժեքների պահպանման ու հանրահռչակման։

Շնորհակալ  ենք հեղինակին՝ սույն արժեքավոր ուսումնասիրությունը ԳՊՀ-ի գրադարանին նվիրաբերելու համար:

Facebook Comments