ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱԲԱԹ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ CAMPUS DE NAYER-ՈՒՄ (ԲԵԼԳԻԱ)՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ COMPIIT ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Էրազմուս+ CompIIT նախագծի շրջանակում 2026 թվականի մարտի 23–27-ը Լյուվենի կաթոլիկ համալսարանի Campus De Nayer-ում (Բելգիա) հաջողությամբ իրականացվեց փորձուսուցման շաբաթ։ Շարժունությանը ԳՊՀ-ից մասնակցեցին երեք ուսանողներ՝ բակալավրի կրթական ծրագրով «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Առուստամյանը, բակալավրի կրթական ծրագրով «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Դալլաքյանը և բակալավրի կրթական ծրագրով «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Վահե Ղազարյանը։
Ծրագիրն իրականացվեց որպես Blended Intensive Programme (BIP)՝ 3 ECTS կրեդիտով՝ ներառելով առցանց նախապատրաստական փուլ, ֆիզիկական շարժունություն և հետշարժունության առաջադրանքներ։ Մինչ մեկնումը ուսանողները մասնակցեցին 2026 թ. փետրվարի 23-ին անցկացված առցանց մեկնարկային սեմինարին, ծանոթացան ծրագրին և իրականացրին նախապատրաստական առաջադրանքներ։ Դրանք ներառում էին ընթերցանություն (օր.՝ Factfulness), անձնական էներգասպառման տվյալների հավաքագրում և թիմային դերերի թեստի լրացում։
Շաբաթվա ընթացքում ուսանողները մասնակցեցին ինտենսիվ ակադեմիական ծրագրի, որը նվիրված էր կայուն էներգետիկ համակարգերին, էներգետիկ անցման մարտահրավերներին և տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը։ Ծրագիրը ներառում էր փորձագիտական սեմինարներ՝ վերականգնվող էներգիայի, ցանցի կայունության, արդյունաբերության դեկարբոնիզացիայի, օֆշորային էներգիայի և թվային երկվորյակների վերաբերյալ։ Միաժամանակ զարգացվեցին փափուկ հմտություններ՝ թիմային աշխատանքի, ստեղծարարության և ելույթների ներկայացման ուղղությամբ։
Ուսանողները աշխատեցին միջազգային թիմերում՝ կազմված գործընկեր բուհերի ուսանողներից։ Հիմնական առաջադրանքը կրթական սեղանի խաղի նախատիպի մշակումն էր, որի արդյունքները ՝ միջազգային ժյուրիին ներկայացվեցին խմբային pitch ներկայացման միջոցով:
Բացի ներկայացումից՝ ուսանողները պետք է նաև ներկայացնեն խմբային վերջնական հաշվետվություն, ինչպես նաև անհատական անդրադարձներ թիմային աշխատանքի վերաբերյալ։ Վերջնական հաշվետվությունները կհանձնվեն 2026 թ. մայիսի 14-ին։
Ընդհանուր առմամբ, շարժունությունը նպաստեց ուսանողների միջմշակութային հաղորդակցման, համագործակցության և կիրառական գիտելիքների զարգացմանը։
Մարտի 26-ին տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ փուլը, իրականացված աշխատանքները, հետագա անելիքները և ֆինանսական ու տեխնիկական հարցեր։






