ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԻԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Էրազմուս + ՀԳ-171 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ի ու Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով ս. թ. մայիսի 13-17-ը ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը մասնակցել է Սևիլիայի համալսարանում կայացած «Միջազգային շաբաթ» խորագրով վերապատրաստման դասընթացին:

Վերապատրաստմանը մասնակցել են ավելի քան 70 ներկայացուցիչներ Եվրոպայից, Ուկրաինայից, Հայաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Աֆրիկյան մի շարք երկրներից: Հայաստանից մասնակցել են ՀՄՊՀ-ի, ԳՊՀ-ի, ՀԱԱՀ-ի և Հյուսիսային համալսարանի 4 ներկայացուցիչներ:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Սևիլիայի համալսարանի միջազգային ռազմավարության բաժնի ղեկավար Անխել Լուիս Տրիգո Գարսիան և ակադեմիական շարժունության տնօրեն պարոն Խեսուս Սոտո Պրիետոն: Նրանք  ներկայացրել են ընդհանուր տեղեկություն Սևիլիայի համալսարանի,  համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի և միջազգային շարժունության ծրագրերի մասին:

Դասընթացի երկրորդ օրը կազմակերպել էին կլոր սեղաններ, որոնց ընթացքում  ելույթ են ունեցել Սևիլիայի միջազգային շարժունության համակարգողներ տիկին Մարիա Գրասիա Սուանո Ֆերնանդեսը, Տիկին Ելենա Մարտին Դելգադոն, Լվովի ազգային բժշկական համալսարանի միջազգային բաժնի ղեկավար տիկին Տետյանա Նեհրիչը, Սևիլիայի համալսարանի միջազգային նախագծերի գլխավոր գրասենյակի ղեկավար պարոն Խոսե Մանուել դե լա Ռոզա Ուտրերան, հետազոտական ծրագրերի ղեկավար Էնրիկե Լոպես Անտելոն, Ուզբեկստանի ազգային համալսարանի բանասիրության ֆակուլտետի համեմատական լեզվաբանության և թարգմանության տեսության դեպարտամենտի վարիչ Տիկին Նիլուֆար Սադուլլաևան: Նրանք ներկայացրել են Էրազմուս+ ծրագրի  հնարավորությունները և առանձնահատկությունները:

Դասընթացի երրորդ, չորրորդ օրերին համալսարանը կազմակերպել էր ճանաչողական այցեր դեպի ֆակուլտետներ, լաբորատորիաներ, գրադարան և պատմական արխիվ: Մասնակիցները  հանդիպումներ են ունեցել վարչական աշխատակազմի կառավարման բաժնի աշխատակիցների հետ, ներկայացրել շարժունության հետ կապված իրենց համալսարանների խնդիրներն ու առաջարկները:

Դասընթացի վերջին օրը ամփոփվել են վերապատրաստման դասընթացի արդյունքները, մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

Facebook Comments