ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2020/12/DSC_6826.jpg)
Սիրելի՛ համալսարանականներ, հարգարժա՛ն գործընկերներ, հայրենակիցներ
Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի՝ հագեցած լայնածավալ աշխատանքներով, ժամանակի հրամայականով պայմանավորված իրողությունների որոշակի հաղթահարմամբ, սակայն մեր հայրենիքի համար ծանրագույն ու դաժան կորուստներով:
Հաղորդակից լինելով դեռևս տարեսկզբին համաշխարհային աղետի՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակին ու նաև կրթական ոլորտին ուղղված մարտահրավերներին՝ Գորիսի պետական համալսարանը քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ: ԳՊՀ-ի աշխատակիցների հետևողական աշխատանքի, անմնացորդ ջանքերի շնորհիվ կարողացանք մեղմել կրթական գործընթացի պարապուրդը, ապահովել ուսուցման շարունակականությունը և ուսումնառության բավարար մակարդակը, որի համար շնորհակալ ենք պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի աշխատակիցներին, բարձր գիտակցականությամբ օժտված ուսանողներին, որոնք ևս արագ ինքնակազմակերպմամբ նպաստեցին կրթական գործընթացի անխափան իրականացմանը:
Գորիսի պետական համալսարանն ընթացիկ տարում ունեցավ մեծ ու անդառնալի կորուստներ. կյանքից անժամանակ հեռացան համալսարանի երախտավորները՝ վաստակաշատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ Ռազմիկ Վարդանյանը, Աշոտ Մարտիրոսյանը, Կիմ Աղաբեկյանը, Համլետ Գևորգյանը: Անուրանալի է նրանց ավանդը ԳՊՀ-ի զարգացման ու կայացման գործում:
2020թ.-ը ցավալի տարի էր Արցախի՝ մեր ինքնիշխան, ազատ, անկախ, դարավոր հայրենիքի համար: 44 օր շարունակ հայ ժողովուրդը հայապահպանման ծանրագույն պայքար մղեց ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց ցեղասպանական նկրտումների դեմ, ինչի արդյունքում մենք կորցրինք Արցախի Հանրապետության զգալի հատվածը, ունեցանք անթիվ, անհամար զոհեր, անհայտ կորած և գերեվարված բազմաթիվ հայորդիներ: Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, մղեց՝ վերաիմաստավորելու մեր քայլերը, բեկեց ոտքի կանգնելու և առաջ շարժվելու կամքը, վերաարժևորելու մեր տեսլականը, որը նոր ռիսկեր է ստեղծում և նոր առաջնահերթություններ թելադրում:
Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցները, ուսանողները գրեթե մեկ ամիս միասնական, կանոնակարգված կերպով աշխատեցին՝ համատեղելով կրթության շարունակականության ապահովումն ու կամավորական գործունեությունը թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում: Ցավոք, մենք նույնպես ունեցանք զոհեր, գերերվարվածներ ուսանողների ու շրջանավարտների շրջանում: Նաև ռազմի դաշտում սխրանքներ կերտած ուսանողներ, որոնք մեր պարծանքն են, հույսն ու ապավենը:
Հարգելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ ընդունենք, որ պարտավորություն ունենք մեր պատմության, մեր հազարավոր սրբադասված Հերոսների առջև, ուստի 2020 թվականը ճանապարհենք հայ ժողովրդի վերածննդի, Արցախի ապաքինման ու ամբողջացման սպասումով, սիրով, համերաշխությամբ, բարենորոգ հավատով և հայրենաշեն գործունեությամբ աշխատանքին լծվելու պատրաստակամությամբ: Որակյալ կրթության ապահովումն օրախնդիր է, ինչպես երբևէ, ուստի գալիք տարում իրականացնենք մեր առաքելությունը կրկնակի նվիրումով:
Խաղաղություն բոլորիս, ուժ՝ հաղթահարելու 2020 թվականի հարվածները, տոկունություն սահմանին կանգնած մեր զինվորին, հող հայրենին պաշտպանող, շենացնող բոլոր հայրենանվեր մարդկանց…
Մենք մշտապես Արցախի կողքին ենք և այսուհետ էլ անելու ենք առավելագույնը՝ հանուն մեր միացյալ հայրենիքի ազատագրության ու բարօրության…
Բարի աշխատանքային տարի բոլորիս…