ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ համալսարանականներ, հարգարժա՛ն գործընկերներ, հայրենակիցներ
Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի՝ հագեցած լայնածավալ աշխատանքներով, ժամանակի հրամայականով պայմանավորված իրողությունների որոշակի հաղթահարմամբ, սակայն մեր հայրենիքի համար ծանրագույն ու դաժան կորուստներով:
Հաղորդակից լինելով դեռևս տարեսկզբին համաշխարհային աղետի՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակին ու նաև կրթական ոլորտին ուղղված մարտահրավերներին՝ Գորիսի պետական համալսարանը քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ: ԳՊՀ-ի աշխատակիցների հետևողական աշխատանքի, անմնացորդ ջանքերի շնորհիվ կարողացանք մեղմել կրթական գործընթացի պարապուրդը, ապահովել ուսուցման շարունակականությունը և ուսումնառության բավարար մակարդակը, որի համար շնորհակալ ենք պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի աշխատակիցներին, բարձր գիտակցականությամբ օժտված ուսանողներին, որոնք ևս արագ ինքնակազմակերպմամբ նպաստեցին կրթական գործընթացի անխափան իրականացմանը:
Գորիսի պետական համալսարանն ընթացիկ տարում ունեցավ մեծ ու անդառնալի կորուստներ. կյանքից անժամանակ հեռացան համալսարանի երախտավորները՝ վաստակաշատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ Ռազմիկ Վարդանյանը, Աշոտ Մարտիրոսյանը, Կիմ Աղաբեկյանը, Համլետ Գևորգյանը: Անուրանալի է նրանց ավանդը ԳՊՀ-ի զարգացման ու կայացման գործում:
2020թ.-ը ցավալի տարի էր Արցախի՝ մեր ինքնիշխան, ազատ, անկախ, դարավոր հայրենիքի համար: 44 օր շարունակ հայ ժողովուրդը հայապահպանման ծանրագույն պայքար մղեց  ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց ցեղասպանական նկրտումների դեմ, ինչի արդյունքում մենք կորցրինք Արցախի Հանրապետության զգալի հատվածը, ունեցանք անթիվ, անհամար զոհեր, անհայտ կորած և գերեվարված բազմաթիվ հայորդիներ: Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, մղեց՝ վերաիմաստավորելու մեր քայլերը, բեկեց ոտքի կանգնելու և առաջ շարժվելու կամքը, վերաարժևորելու մեր տեսլականը, որը նոր ռիսկեր է ստեղծում և նոր առաջնահերթություններ թելադրում:
Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցները, ուսանողները գրեթե մեկ ամիս միասնական, կանոնակարգված կերպով աշխատեցին՝ համատեղելով կրթության շարունակականության ապահովումն ու կամավորական գործունեությունը թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում: Ցավոք, մենք նույնպես ունեցանք զոհեր, գերերվարվածներ ուսանողների ու շրջանավարտների շրջանում: Նաև ռազմի դաշտում սխրանքներ կերտած ուսանողներ, որոնք մեր պարծանքն են, հույսն ու ապավենը:
Հարգելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ ընդունենք, որ  պարտավորություն ունենք մեր պատմության, մեր հազարավոր սրբադասված Հերոսների առջև, ուստի 2020 թվականը ճանապարհենք հայ ժողովրդի վերածննդի, Արցախի ապաքինման ու ամբողջացման սպասումով, սիրով, համերաշխությամբ, բարենորոգ հավատով և հայրենաշեն գործունեությամբ աշխատանքին լծվելու պատրաստակամությամբ: Որակյալ կրթության ապահովումն օրախնդիր է, ինչպես երբևէ, ուստի գալիք տարում իրականացնենք մեր առաքելությունը կրկնակի նվիրումով:
Խաղաղություն բոլորիս, ուժ՝ հաղթահարելու 2020 թվականի հարվածները, տոկունություն սահմանին կանգնած մեր զինվորին, հող հայրենին պաշտպանող, շենացնող բոլոր հայրենանվեր մարդկանց…
Մենք մշտապես Արցախի կողքին ենք և այսուհետ էլ անելու ենք առավելագույնը՝ հանուն մեր միացյալ հայրենիքի ազատագրության ու բարօրության…
Բարի աշխատանքային տարի բոլորիս…

Facebook Comments