ԳՊՀ-Ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը Գորիսի պետական համալսարանում դասախոսելու է հրավիրել Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Դավիթ Բաբայանին: Վերջինս սիրով ընդունել է ռեկտորի հրավերը` պատասխան նամակում մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դասավանդել Գորիսի պետական համալսարանում` հաստատություն, որը մեծ դերակատարություն ունի Սյունիքի գիտակրթական ոլորտի զարգացման, հայոց պետականության այդ ժայռաբեկորի զորացման գործում: Ես կանեմ հնարավորը իմ գիտելիքներն ու փորձը մատաղ սերնդին փոխանցելու համար: Շնորհակալ եմ և պատրաստակամ»:
Դավիթ Բաբայանը 13 տարի գլխավորել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը` ռազմավարական կարևորագույն նշանակության մի կառույց, որը պատասխանատու է Արցախի Հանրապետության տեղեկատվական քաղաքականության համար: Ղեկավարելով կառույցը` Դ.Բաբայանը եղել է Արցախում տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից մեկը, անմնացորդ ծառայել իր ժողովրդին ու հայրենիքին` որպես ուղենիշ մշտապես ունենալով պետական ու ազգային շահերը: Ս.թ. մայիսի 26-ին նշանակվել է ԱՀ Նախագահի արտաքին հարցերով խորհրդական:
Բաբայանը նշանակալի ավանդ ունի նաև պատմագիտության ասպարեզում, ինչի մասին վկայում են նրա բարձրարժեք գիտական ուսումնասիրությունները:
ԳՊՀ-ի ռեկտորի 26 մայիսի 2020թ. թիվ 95 Ա հրամանով Դավիթ Բաբայանը հրամանագրվել է պատմության և իրավագիտության ամբիոնում որպես դոցենտ և ս.թ. հունիսի 1-ից մասնագիտական կարևոր դասընթացներ կվարի ԳՊՀ-ի «Պատմություն» և «Իրավագիտություն» բաժինների ուսանողների համար:
ԳՊՀ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադախոսական կազմը և ուսանողությունը խորին շնորհակալություն են հայտնում Դ.Բաբայանին` համագործակցության հրավերն ընդունելու համար, ինչը նոր երանգ կհաղորդի Արցախ-Սյունիք գիտակրթական կապերին` նպաստելով դրանց ամրապնդմանն ու զարգացմանը:

Facebook Comments