«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ

Հուլիսի 6-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հովանավորությամբ Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) ուսանողների կողմից իրականացվող «Ակադեմիական ինքնավարությունը որակյալ կրթության գրավական» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առցանց աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին այս տարվա փետրվարին մեկնարկած հետազոտական աշխատանքների արդյունքները՝ նվիրված համալսարանական ակադեմիական ինքնավարությանը:
Աշխատաժողովին մասնակցում էին ԳՊՀ աշխատակիցներ և ուսանողներ, ինչպես նաև  «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի փորձագետներ:
Աշխատաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ՋՀՀ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի Գորիսի համակարգող ու ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ, դասախոս Սոնա Ալավերդյանը, որը կարևորեց բուհական կրթության որակի և ակադեմիական ինքնավարության փոխադարձ կապի շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազ­մա­կերպումը Գորիսում: Ներկայացնելով աշխատաժողովի նպատակն ու օրակարգը՝ Ս.Ալավերդյանը միաժամանակ ընդգծեց. «Այսօրվա աշխատաժողովն իրականում աշխատանքային երկարատև գործընթացի ամփոփումն է, և այսօր մենք լսելու ենք ամիսներ տևած հետազոտական աշխատանքների արդյունքների մասին զեկուցումներ, որից հետո այս ամենը ընդհանրացվելու և հրապարակվելու է առանձին գրքույկով»:
Աշխատաժողովի բացմանը ներածական ելույթներով հանդես եկան ԳՊՀ իրավախորհրդատու, պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Արկադի Հովհաննիսյանը («Ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը») ու «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի տնօրեն Արամ Մուսախանյանը («Մասնագիտական կրթության զարգացման ուղիները»), իսկ հանդիպման երկրորդ մասում իրենց զեկուցումները ներկայացրին ԳՊՀ ուսանողներ Մարի Շիրինյանը և Մելինե Հակոբյանը («Գորիսի բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի՝ ակադեմիական ինքնավարության վերաբերյալ ընկալումների հետազոտություն»), Սաիդա Օհանջանյանը («Ակադեմիական ինքնավարության  ընկալումները Գորիսի պետական համալսարանի աշխատակիցների և ուսանողների շրջանում»), Սրբուհի Օհանջանյանը  («Գորիսի բարձրագույն կրթության շահակիցների պատկերացումները ակադեմիական ինքնավարության վերաբերյալ՝ ըստ ԵՀԱ չափանիշների») ու Մերի Գրիգորյանը («Ակադեմիական ինքնավարության վերջին միտումները և մարտահրավերները»):
Աշխատաժողովին ծավալված քննարկման արդյունքում բարձրացվեցին մի շարք հարցեր ու խնդիրներ, հաջորդիվ իրականացվեց մտքերի  փոխանակում:

                                                                                                                                                   Ջինիշյան հիշատակի հիմնադրամ


Facebook Comments