«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԱՇԽԱՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-ՆԵՐՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ». ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է Մերի Գրիգորյանը: Մեր զրուցակիցը պատմել է օտար լեզուների իմացության կարևորության, Erasmus+ միջազգային երիտասարդական կրթական ծրագրերի և ԳՊՀ – ի ընձեռած հնարավորությունների մասին:

Մասնագիտությունս ընտրել եմ ոչ պատահական սկզբունքով՝ հաշվի առնելով բազմաբովանդակ և պահանջված լինելը:

Գորիսի պետական համալսարանի՝ որպես ակադեմիական կրթության կանգառի ընտրության մեջ վճռորոշ դեր ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» նորաբաց մասնագիտությունը՝ իր ընձեռած բազմաբնույթ հնարավորություններով և որակյալ կրթության երաշխիքով: Միաժամանակ, քանի որ մասնագիտությունը նորաբաց էր, այդ բաժնի առաջին ուսանողներից մեկը լինելը ինձ համար ոչ միայն ոգևորիչ էր, այլ նաև կրկնակի պարտավորեցնող՝ արձանագրելու դրական նախադեպ:

Ուսանողների թվի աճը խոսում է հենց այն մասին, որ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների ջանքերի շնորհիվ մասնագիտությունը ձեռք է բերել բավականաչափ հեղինակություն և ամուր հիմքեր:

Որպես բուհի շրջանավարտ՝ ԳՊՀ – ում ունեցած իմ ուսումնառության տարիները, միանգամայն, հաջողված և արդյունավետ են եղել: Այստեղ իրենց անգնահատելի դերն են ունեցել հատկապես օտար լեզուների ամբիոնի դասախոսները, ովքեր ոչ միայն գերազանց մասնագետներն են, այլև  ուսանողակենտրոն մանկավարժներ ու հրաշալի հոգեբաններ: Բավական է նշել, որ եթե հետագայում որոշեմ դառնալ դասախոս, ապա ինձ համար ուղենշային կլինի նրանց ազդեցությամբ ձևավորված դասախոսի կերպարը:

Գորիսի պետական համալսարանը ներքին շարժունության մեծ հնարավորություններ ունի:

Գորիսի պետական համալսարանը միշտ ուշադրությամբ է հետևում ուսանողների կարիքներին և գործուն քայլեր ձեռնարկում դրանց հասցեավորման ու լուծման ուղղությամբ: Օրինակ՝ հաշվի առնելով ուսանողների առաջարկը՝ ակադեմիական ներքին շարժունության նպատակով ԳՊՀ ուսանողները դասեր են անցկացրել ԱրՊՀ-ում, ինչը փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման անփոխարինելի հնարավորություն էր: Շատ բարձր եմ գնահատում նաև ՀՀ տարբեր բուհերից պարբերաբար հրավիրվող դասախոսների հետ աշխատանքը:

Օտար լեզուների իմացությունը նոր հեռանկարների ստեղծման, փորձի փոխանակման գրավական է:

Համալսարանում սովորելու տարիներին հետաքրքրվել եմ «Erasmus+» միջազգային ծրագրով, որի շրջանակներում հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Բելգիայում և Վրաստանում կազմակերպված երիտասարդական կրթական ծրագրերի, որոնք նպաստել են իմ աշխարհայացքի ընդլայնմանն ու արժեքավոր փորձի կուտակմանը։

Համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ հնարավորություն եմ ունեցել աշխատել միջազգային հասարակական կազմակերպություններում, ձեռք բերել համայնքների զարգացման, հումանիտար և երիտասարդական ծրագրերի մշակման և ղեկավարման փորձ:

Մշտապես պետք է զբաղվել ինքնակրթությամբ, ձգտել կատարելագործման:

Ուսումնառությունն ավարտելուց հետո իմ ակադեմիական հետաքրքրությունների շրջանակը լայնացել է․ այժմ ցանկանում եմ ուսումս շարունակել արտասահմանյան որևէ բուհում՝ իմ փորձն ու կրթությունը համաշխարհային տեսանկյունից քննելու, միջմշակութային հաղորդակցության կարողություններս զարգացնելու նպատակով, որից հետո հույս ունեմ վերադառնալ Գորիս և Գորիսի պետական համալսարան՝ նոր ուժերով ու ստեղծագործ գաղափարներով:

               Մարգարիտա Իվանյան

Facebook Comments