«ԳՊՀ – ՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԳՈՒՆԵՂ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ». ՍՈՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԳՊՀ բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է Սոնա Արզումանյանը: Սոնան պատմել է մասնագիտության ընտրության, արվեստի հանդեպ իր ընկալման, համալսարանի փոխանցած արժեքների և ապագայի պլանների մասին:

Դեռ մանկության տարիներից արվեստն ու հատկապես նկարչությունը ինձ համար վեր էին ամեն ինչից:

Դպրոցական տարիներին՝ ինքնակրթման և ինքնաձևավորման   շրջանում, հետաքրքրություններս ավելին ընդլայնվեցին արվեստի ու գեղեցիկի ընկալման հանդեպ։ Ես տարվում էի մեր փոքրիկ քաղաքի տաղանդավոր նկարիչների աշխատանքներով. ինձ գերում էր թե՛ նրանց մտածելակերպը, թե՛ ապրելակերպը։ Սկսեցի ուսումնասիրել հայտնի նկարիչների կյանքը, նրանց ստեղծագործական ուղին:

Հավատում եմ, որ յուրաքանչյուր լավ բան տեղի է ունենում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության  ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում ես գտա ինձ պես մտածող ավագ ուսուցիչներ, այնտեղ ձևավորվեց նույնակարծիք ընկերական շրջապատ։ Ուսանելու տարիների միակ ափսոսանքս այն էր, որ պետք է թողնեմ հարազատ քաղաքս և կրթությունս շարունակեմ Երևանում, քանի որ Գորիսի պետական համալսարանում չէր գործում «Կերպարվեստ» մասնագիտությունը։

Բայց շուտով համալսարանը ներդրեց այդ մասնագիտությունը՝ ի ուրախություն ինձ:

ԳՊՀ – ում անցկացրած տարիները եղել են իմ կյանքի ամենագունեղ շրջաններից:

Համալսարանում ես հասկացա  մանկավարժ լինելու կարևորությունը: Այստեղ է, որ վերահաստատեցի այն գիտակցումը, թե չկա առավել վեհ արժեք, քան կրթել մի սերունդ, ով բանիմաց է և գիտի իր ազգի պատմությունը, խոցելի չէ և կարողանում է տեսնել ու գնահատել գեղեցիկը, այս ամենի արդյունքում՝ ստեղծել ու արարել իր հայրենիքում։ Այս համոզմունքով եմ ես հիմա աշխատում այն կրթօջախում, որտեղ սկսել եմ իմ ստեղծագործական ճանապարհը:

Հաջողության հասնելու համար պետք է լինել նպատակասլաց և ինքնավստահ:

Մեծ պատիվ է լինել «Լավագույն ուսանող», լինել նկատված և սիրված այնտեղ, որտեղ արարում ես։ Այս առումով համալսարանական տարիներն ուղենշային են եղել իմ՝ որպես բազմակողմանի զարգացած մասնագետի կայացմանը: Այստեղ ես  հնարավորություն ունեցա մասնակցել տարաբնույթ ծրագրերի, շրջել և ճանաչել նաև մեր պատմական Հայաստանը:

Այժմ պատրաստվում եմ ուսումս շարունակել հարազատ բուհում՝ «Կրթության կառավարում» մասնագիտությամբ:         

                             

                                                                       

                                                                                                                                                                 

                                                                                                                                                                   

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

  Մարգարիտա Իվանյան

Facebook Comments