T-GREEN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՄԻԿՈԼԱՍ ՌՈՄԵՐԻՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. նոյեմբերի 18-21-ը Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ Եվրոպական միության Էրազմուս + «Հետբակալավրի կրթության փոխակերպումը՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (Transforming Graduate Education for Green and Sustainable Future (T-GREEN)) ծրագրի հերթական աշխատաժողովը: Այն նվիրված էր ծրագրում ներգրավված հայաստանյան մի շարք բուհերի կազմած «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությանը: Հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ռեկտոր Տիգրան Վանդունցը, պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Լուիզա Վարդանյանը և արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը։
Աշխատաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտորի խորհրդական Նոմեդա Գուդելիենեն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և T-GREEN ծրագրի համահամակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ելույթ ունեցողները շեշտադրեցին ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները և կարևորեցին համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում ներգրավված ԵՄ գործընկերների դիտարկումները։
Աշխատաժողովի առաջին օրը Հայաստանյան բուհերի ներկայացուցիչները խոսեցին ծրագրի շրջանակում իրենց հաստատությունների մշակած «Կանաչ տնտեսություն և կառավարում», «Բլոկչեյն և թվային արժույթներ» և «Կայուն քաղաքներ» նոր համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մասին։ Հաջորդ օրը ԵՄ գործընկերները ներկայացրին մագիստրոսական կրկնակի կամ համատեղ «կանաչ» ծրագրերի մշակման իրենց փորձը՝ կարևորելով համեմատական վերլուծությունը, արդյունքահեն կրթության սկզբունքների ներդաշնակեցումը, ծրագրերի կայունության ապահովումը, նորարարական մոդուլների մշակումը և գնահատման մեթոդների կատարելագործումը՝ ծրագրերի համատեղելիությունն ու ուսումնական արդյունքները բարելավելու նպատակով։ Նրանք նաև իրենց դիտարկումները ներկայացրին հայկական բուհերի մշակած կրթական ծրագրերի նախնական փաթեթների մասին:
Աշխատաժողովի երրորդ օրը տեղի ունեցավ ծրագրի կառավարման հանդիպում, որի ընթացքում ՀՊՏՀ-ից T-GREEN ծրագրի տեղական համակարգող Ներսես Գևորգյանը՝ իբրև 4-րդ փաթեթի ղեկավար, ներկաների հետ քննարկեց ծրագրի երկրորդ և երրորդ եռամսյակների գործողությունների պլանները և բարելավումների պլանը։ Միջոցառման փակմանը Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ամփոփեց եռօրյա աշխատաժողովը և շնորհակալություն հայտնեց Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի գործընկերներին արդյունավետ հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։ Առանձնապես կարևորվեց մասնակից բուհերի հետագա համատեղ աշխատանքը՝ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների եվ որակավորումների ցանկում համապատասխան լրացումներ կատարելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ T-Green ծրագրի հայաստանյան մասնակիցներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։







