ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 7-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց Խորհրդի երկու նիստ, որը, ԳՊՀ կանոնադրության 23-րդ կետի համաձայն, հրավիրել էր ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: ՀՀ վարչապետի 2019թ. հունվարի 17-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատվել էր ԳՊՀ Խորհրդի նոր կազմը̀ հիմնադրի, լիազոր պետական մարմնի, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցչական ընդգրկումով: Նիստին ներկա էին Խորհրդի 24 անդամներից 22-ը: Առաջին նիստի օրակարգում նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Ողջունելով Խորհրդի անդամներին̀ ռեկտոր Ա.Ղուկասյանը նախ անդրադարձավ Խորհրդի կազմման կարգին, իրավասություններին, Խորհրդի անդամների իրավունքներին ու պարտականություններին, աշխատակարգին, այնուհետև առաջարկեց Խորհրդի ամենատարեց անդամին̀ քիմ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Վարդանյանին, ստանձնելու առաջին նիստի նախագահությունը: Ռեկտորն արդյունավետ աշխատանք մաղթեց  Խորհրդին̀ ի շահ համալսարանի առաջանցիկ զարգացման: ՀՀ ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, որպես խորհրդի նախագահի թեկնածու, առաջադրեց Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննիսյանի թեկնածությունը: Վերջինս Խորհրդի անդամներին ներկայացրեց իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը, գործունեության բնագավառը̀ պատրաստակամություն հայտնելով սահմանված  լիազորությունների շրջանակում նպաստելու բուհի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: Խորհդրի նախագահի առաջադրված թեկնածուին հարցեր ուղղեցին Խորհրդի անդամները, եղան առանձին ելույթներ ու առաջարկներ, որից հետո հարցը դրվեց փակ(գաղտնի) քվեարկության: Միաձայն արդյունքով Խորհրդի նախագահ ընտրվեց Կարեն Հովհաննիսյանը: Բաց քվեարկությամբ խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը: Կ.Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար, ստանձնեց Խորհրդի երկրորդ նիստի նախագահությունը̀ ներկայացնելով օրակարգը, որն ընդգրկում էր ԳՊՀ ռեկտորի 2017-2018թ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, 2019թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագծի հաստատումը, ինչպես նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագծի քննարկումը: ԳՊՀ ռեկտոր, ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ա.Ղուկասյանը հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի 2017-2018 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2019թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման հիմնական ցուցանիշների մասին հաշվետու զեկույցով: Ռեկտորը ամփոփեց բուհի նախընթաց ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ մատնանշելով 2019 թվականի խնդիրները, ծրագրերն ու անելիքները: Ռեկտորը հանգամանալից անդրադարձավ բուհում իրականացված բազմաթիվ միջոցառումներին ու ծրագրերին, որոնք կոչված էին ապահովելու համալսարանի գործունեության արդյունավետությունը, խթանելու նրա առաջընթացը և մրցունակությունը գիտակրթական ասպարեզում: Հաշվետու տարվա բուհի հիմնական խնդիրը ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը բարեհաջող ամփոփելն էր, ինչին համալսարանը նախապատրաստվում էր դեռևս անցած ուսումնական տարվանից̀ իրականացնելով ինքնագնահատում ու վերլուծություն̀ ապահովելով բուհի հաշվետվողականությունը ներքին ու  արտաքին շահակիցների առջև: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  հիմնադրամի կողմից 2018թ-ի ապրիլի 12-ին ԳՊՀ-ին շնորհվեց պայմանական իստիտուցիոնալ հավատարմագրում` 2 տարի ժամկետով և այժմ համալսարանը նախապատրաստվում է 2020թ. վերջնական հավատարմագրման գործընթացին̀  իրականացնելով թերությունների վերացման հստակ ծրագիր, որը բխում է  ՈԱԱԿ –ի փորձագիտական գնահատման զեկույցի առաջադրույթներից, ինչպես նաև ԳՊՀ 2019-2023թթ ռազմավարական զարգացման ծրագրի խնդիրներից ու նպատակներից,-նշեց ռեկտորը: — ԳՊՀ ռազմավարական զարգացման ծրագրային քայլերի իրականացման, գործընթացի վերահսկման համար ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք այսօր դինամիկ կերպով աշխատում են՝ հավատարմագրման հաջորդ փուլում դրական արդյունքներ արձանագրելու համար: ԳՊՀ-ի ամենատարբեր օղակներում զգալի աշխատանքների ու բարեփոխումների անհրաժեշտություն կա, և համալսարանը, ըստ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի գերակայությունների, լրջորեն նախապատրաստվում է 2020 թվականի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը»: Նշված նախաձեռնությունները հաջողությամբ և արդյունավետ իրականացնելու համար ԳՊՀ-ում հաշվետու տարում կատարվել են բարեփոխումներ, կառուցվածքային փոփոխություններ, վերանայվել, հաստատվել և կիրառվում են մի շարք նոր փաստաթղթեր՝ միտված բուհի կառավարման համակարգի, ինչպես նաև ուսումնագիտական գործընթացի բարելավմանը: Նախագծային քննարկումներ են ընթանում նոր իրավական փաստաթղթերի շուրջ, վերանայվում և լրամշակվում են բազմաթիվ կանոնակարգեր ու ընթացակարգեր: Բուհի ներքին իրավական դաշտի կարգավորումը շարունակական գործընթաց է:  Ռեկտորն անդրադարձավ նաև համալսարանի ուսումնամեթոդական գործունեությանը, դրա կազմակերպման ու կատարելագործման խնդիրներին, ուսանողական համակազմի աճման ու նվազման ցուցանիշներին, ուսումնական բեռնվածությանն ու հաստիքների տեղաբաշխմանը, գործող մասնագիտություններին, աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտությունների ներդրման հնարավորություններին, բուհի գիտահետազոտական գործունեությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին, հաշվետու տարում բուհում կազմակերպված գիտաժողովներին, ԳՊԿ-ից ֆինանսավորվող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի հիմնական արդյունքներին, կարիերայի զարգացմանը, հասարակայնության հետ կապերին, միջազգային գործող և ներդվելիք ծրագրերին, ֆինանսատնտեսական գործունեությանը և այլ կարևոր հարցերի: Հաշվետու զեկույցից հետո Խորհրդի անդամները հարցեր ու առաջարկներ ուղղեցին ռեկտորին, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում էին բուհի կազմակերպաիրավական կարգավիճակի հնարավոր փոփոխությանը, դիմորդների հավաքագրման մեխանիզմներին, տարածաշրջանային կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները ակտիվացնելու, բուհ-դպրոց կապը ամրապնդելու, մի քանի մասնագիտությունների պահանջարկի բարձրացման ուղղությամբ կոնկրետ մոտիվացիոն քայլեր ձեռնարկելու առաջնահերթություններին, համալսարանի երկրատեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի մասնագիտական ներուժը մարզի կարիքների համար օգտագործելու հնարավորություններին և այլ կարևոր հարցերի: Ակտիվ ու արդյունավետ քննարկումներից հետո ԳՊՀ-ի 2017-2018 ուստարվա գործունեության հաշվետվությունը և 2019թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագիծը հավանության արժանացան ու հաստատվեցին խորհրդի կողմից: Այնուհետև ռեկտորն անդրադարձավ օրակարգի երկրորդ հարցին̀ ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագծին: Հաշվետու տարում շարունակվել են քննարկումները ԳՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ: Ձևավորվել է ծրագրի ուղղությունները համակարգող հանձնաժողով, նշանակվել են պատասխանատուներ, որոնք պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել ու հստակեցրել են համալսարանի ռազմավարական հիմնական խնդիրները, գերակայությունները, առկա խոչընդոտները, ռեսուրսները, համալսարանի զարգացման հեռանկարները և խնդիրների վերանայման առաջարկություններ ներկայացրել գիտական խորհրդին: Ռազմավարական ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել նաև ինքնավերլուծության փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման հնարավորությունները, որոնք էլ սահմանվել են իբրև համալսարանի առաջնացիկ զարգացման խնդիրներ կառավարման տարբեր օղակներում: ԳՊՀ Գիտական խորհուրդը 27.12.2018թ. հավանություն էր տվել ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագծին, որը ըստ ԳՊՀ կանոնադրության, պետք է հաստատվի ԳՊՀ խորհրդի նիստում: «Ռազմավարական ծրագրի հաստատումից հետո նախատեսում ենք ձևավորել ռազմավարության հարցերով զբաղվող հանձնաժողով՝ ռազմավարության ամբողջ առաջընթացը մշտադիտարկելու, խոչընդոտների մասին տեղեկացնելու, դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու, խնդիրների վերանայման առաջարկություններ կատարելու համար: Բուհի նոր ռազմավարությունը շատ ավելի իրատեսական է և կխթանի բուհի առաջընթացը: Նպատակները մշակվել են ներքին շահակիցների տարբեր խմբերի հետ համատեղ՝ ամրապնդելու նոր ռազմավարության նկատմամբ ողջ ակադեմիական համայնքի սեփականության զգացումը: Հետևապես, այդ ողջ գործընթացը պետք է առավել շատ խրախուսման և ավելի շատ ջանքերի գործադրման հանգեցնի` խթանելով բուհի զարգացումն այս դժվարին ժամանակահատվածում»,-նշեց ռեկտոր Ղուկասյանը: Խորհրդի անդամները որոշ պարզաբանումներ խնդրեցին ռեկտորից և ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամներից̀ կապված ծրագրի գործողությունների իրականացման պլանի հետ, որը մշակվել է համապատասխան հանձնաժողովների կողմից̀ երկամյա ժամանակացույցով, ծրագրի 10 բաժինների գծով: Խորհրդի նախագահ Կ.Հովհաննիսյանն առաջարկեց փաստաթղթին կցել նաև գործողությունների իրականացման պլանը, որպեսզի ավելի հստակ երևան նպատակների չափելիությունը, դրանց իրագործման մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքները: Քննարկումից հետո ԳՊՀ խորհուրդը հաստատեց ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը̀ պայմանով, որ խորհրդի անդամներին փոխանցվի նաև ռազմավարական գործողությունների իրականացման պլանը̀ ծրագրված քայլերին ու ժամանակացույցին ծանոթանալու, աշխատանքների ընթացքին հետևելու համար: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

ԳՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Facebook Comments