ԿԱՅԱՑԱՎ COMPIIT ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս.թ. մարտի 15-18-ը Էրազմուս+CompIIT (Կարողունակություններ՝ միջազգային նորարարական նախագծերի համար) ծրագրի շրջանակում Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանում կայացավ  ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը, որին ԳՊՀ-ից  մասնակցեցին ռեկտոր Տիգրան Վանդունցը, ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և  Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը:

Մարտի 16-ին տեղի ունեցած կոնսորցիումի հանդիպմանը ողջույնի ելույթներով հանդես եկան Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր Կարստեն Վոլֆը, Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի դոկտոր Պիտեր Արասը, Հայաստանի Եվրոպական համալսարանի ծրագրի համակարգող Գոհար Ավետիսյանը, ԳՊՀ-ի ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը:

Օրակարգը հագեցած էր ծրագրի աշխատանքային փաթեթների իրականացման ընթացքի և հետագա գործողությունների վերաբերյալ հետևյալ քննարկումներով.

  • ԱՓ1-Կառավարում և ԱՓ2-Նախապատրաստում և հստակեցում: Փորձնական փուլի արդյունավետության գնահատում և վերանայում:
  • Վիրտուալ նախագծի և ProCom լեզվի և հաղորդակցման դպրոցի իրականացում և հետագա քայլերի նախանշում:
  • Որակի ապահովման պլանի ստեղծում և մշտադիտարկման գործողությունների նախանշում:
  • Ծրագրի պաշտոնական կայքի գործարկման արդյունավետության գնահատում:

Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանում հայկական կողմի գործընկերները ծանոթացան նաև բուհի պատմությանը, զարգացման փուլերին, արդի հնարավորություններին, հետազոտական լաբորատորիաներին և այլն:

Facebook Comments