ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի պարտականությունն է նաև պահպանել տվյալ կազմակերպությունում ընդունված էթիկայի կանոնները:

Գրեթե բոլոր համալսարաններն ունեն հաստատված էթիկայի կանոններ, որոնք սահմանում են վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր: Այդ նորմերը պարտադիր են՝ անկախ ցանկությունից, տրամադրությունից և հոգեբանական վիճակից` գիտակցելով դրանց  անհրաժեշտությունը:

ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կրթության որակի ապահովման նպատակով էթիկական վարվեցողության ընդհանուր սկզբունքների համաձայն մշակվել և Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 27.12.2018թ. նիստում հաստատվել է էթիկայի կանոնակարգը (հավելված), որը կարգավորում է էթիկայի կանոնները՝ վարչական աշխատակազմի, պրոֆեսորադասախոսական աշխատակազմի և ուսումնառողների համար: Փաստաթղթի ընդունումը ապահովում է բուհերի ինքնավարության, իրավասությունների, ակադեմիական ազատության և հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև սահմանում է էթիկայի կանոնների և ակադեմիական ազնվության վարքականոնների պահպանման հիմնական դրույթները բուհի բոլոր դերակատարների համար:

Այն դեպքերում, երբ շահերի բախման իրավիճակների հետ կապված հարաբերությունները նախատեսված և կարգավորված չեն օրենսդրությամբ, ապա հաստատությունը պարտավոր է մշակել ներքին քաղաքականություններ ու կանոնակարգեր` շահերի ցանկացած բախումից խուսափելու համար:

Կանոնակարգը սահմանում է էթիկայի նորմերի այն նվազագույն չափանիշները, որոնք համալսարանն ակնկալում է իր աշխատողներից ու սովորողներից, դրանց համապատասխան՝ աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները, պատասխանատվությունը աշխատանքային պարտականությունները կատարելու և սովորելու ընթացքում:

Էթիկայի կանոնների առաջնային նպատակներն են` համալսարանի գործունեության թափանցիկության բարձրացումը, փոխադարձ վստահության ու համերաշխության մթնոլորտի ստեղծումը ինչպես աշխատողների, սովորողների միջև, այնպես էլ նրանց ու համալսարանի հետ առնչվող անձանց միջև, ինչը կնպաստի համալսարանի կողմից բարձրորակ ծառայությունների անթերի մատուցմանը և բուհի մրցունակության բարձրացմանը: Էթիկայի կանոնների նպատակներից են նաև ակադեմիական ազնվության արմատավորումը, շահերի բախման հնարավոր իրավիճակների նկարագրումը և դրանց լուծման կամ կանխարգելման համար հնարավոր միջոցառումների նախատեսումը:

Սույն կանոնակարգի կանոնների և սկզբունքների յուրաքանչյուր խախտում համարվում է աշխատանքային կարգապահության խախտում և առաջացնում է համապատասխան կարգապահական պատասխանատվություն:

Facebook Comments