ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունիսի 26-ին Գորիսի պետական համալսարանում ամփոփվեցին դեռևս փետրվարին Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի արդյունքները:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԳՊՀ-ի գործընկեր կազմակերպության՝ «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» ՀԿ-ի հետ համատեղ, ինչը նոր երանգ հաղորդեց ԳՊՀ-ԱԵԳՄՄ ձևավորված կրթագիտական համագործակցությանը:
Բակունցյան թեմատիկայով շարադրության մրցույթին մասնակցություն էին ցուցաբերել ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի շրջանների, ինչպես նաև Սյունիքի մարզի մի քանի համայնքների հանրակրթական դպրոցների մոտ 40 աշակերտներ:
Առաջարկված թեմաներն էին՝ «Նամակ Ակսել Բակունցին», «Զրույց Ալպիական մանուշակի հետ», «Բակունցի լռությունը» և «Իմ սիրելի Բակունցյան հերոսը», որոնք հավասարապես արժանացել էին գրականասեր աշակերտության ուշադրությանը:
Շարադրությունների ստուգման ու մրցանակային տեղերի ընտրության նպատակով ԳՊՀ-ի և ԱԵԳՄՄ-ի մասնագիտական կազմից ձևավորվել էր հանձնաժողով, որն, ըստ առաջադրված չափանիշների, ընտրել էր լավագույն աշխատանքները և սահմանել մրցանակային 12 տեղ. մեկ՝ առաջին տեղ, երեքական՝ երկրորդ տեղ, վեցական՝ երրորդ տեղ, ինչպես նաև երկու անվանակարգ՝ «Անկեղծություն» և «Գրական ձիրք»:
ԱՀ ԿԳՍ նախարարության օժանդակությամբ Արցախի տարբեր շրջաններից Գորիսի պետական համալսարան էին այցելել մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները՝ ղեկավար կազմի ուղեկցությամբ:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվեց ԳՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում, որին ներկա էին նաև հյուրեր՝ ՀՀ Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանը, ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, Գորիսի մանկանան գրադարանի վարիչ Գայանե Աթայանը, գրողներ, դասախոսներ, ուսանողներ:
Բացման խոսք ասաց ռեկտոր Ա.Ղուկասյանը՝ ողջունելով հերթական գեղեցիկ միջոցառման առթիվ՝ նվիրված հայ երևելի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին: Նա կարևորեց նախ և առաջ բուհ-դպրոց կապի ամրապնդման նպատակով կազմակերպված մրցույթը, որը նաև փայլուն հնարավորություն է նորահաս սերնդին մեկտեղելու գրական արժեքների շուրջ, բացահայտելու նրանց ստեղծագործական հնարավորություններն ու գիտելիքները: Նա գոհունակություն հայտնեց մրցույթի արդյունքներիի առնչությամբ, որոնք գերազանցել են սպասելիքները՝ հատկապես Արցախի աշակերտության ակտիվ ու ներկայանալի մասնակցության առումով: Ռեկտորը խորին երախտագիտություն փոխանցեց Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարությանը՝ ի դեմս նախարար Ն.Աղաբալյանի և համապատասխան պատասխանատուների՝ հետևողական լինելու և հայտարարված մրցույթին նման մասնակցություն ու հաղթական ցուցանիշներ ապահովելու համար:
Ելույթ ունեցավ նաև ԱԵԳՄՄ նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին և նշելով, որ ԱԵԳՄՄ-ն ուրախությամբ մասնակցել է գրական մրցույթի արդյուքնների ամփոփմանն ու մրցանակաբաշխությանը՝ կարևորելով գործընկեր համալսարանի հետ ինչպես կրթական-ստեղծագործական կենսաշահ համագործակցությունը, այնպես էլ շնորհալի երիտասարդներին բացահայտելու, խրախուսելու, Արցախ-Սյունիք գիտակրթական կապերն ամրապնդող տարատեսակ ծրագրեր իրականացնելու հեռանկարային հնարավորությունները:
Շարադրությունների գնահատման, մրցանակային տեղերի որոշման ու ամփոփման ընթացքի մասին խոսեց համալսարանի գիտական քարտուղար, շարադրությունների մրցութային հանձնաժողովի պատասխանատու, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը՝ նշելով, որ ուշարժան էին գրեթե բոլոր աշխատանքները, որոնք յուրովի բացահայտում էին պատանիների գրական-ստեղծագործական ինքնատիպ ընկալումները, Բակունցի կյանքի և գործի խոր իմացությունը, համարձակ ու խորաթափանց մեկնաբանությունները: Ըստ նրա՝ նկատելի էին ակնհայտ գրական ձիրքը, հայրենապաշտ ոգին, անսահման սերը Բակունցի գրաշխարհի նկատմամբ: «Բակունցի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում այս մրցույթի կազմակերպումը անչափ կարևոր նշանակություն ունի, որովհետև մեր խնդիրն է նոր սերնդին հաղորդակից դարձնել հայ արձակի անզուգական վարպետի ստեղծագործության մնայուն էջերին, մղել նրանց դեպի այդ բյուրեղյա աշխարհը՝ լի նուրբ քնարականությամբ ու խոր կենսափիլիսոփայությամբ»,-նշեց Թ.Մարությանը:
Մրցանակային տեղերը հայտարարեցին և համատեղ պատվոգրեր ու մրցանակներ հանձնեցին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը և ԱԵԳՄՄ նախագահ Ա.Հարությունյանը:
Առաջին տեղը զբաղեցրեց Արցախի Հանրապետության Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գեղամ Իշխանյանը: Երկրորդ տեղի համար սահմանված երեք մրցանակներին արժանացան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ակսել Ավանեսյանը, ԱՀ Ստեփանակերտի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նվեր Ադամյանը և ԱՀ Մարտակերտի  Վ. Բալայանի    անվան   միջնակարգ    դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանը:
Երրորդ տեղը զբաղեցրին վեց աշակերտներ՝ ԱՀ Ասկերանի շրջանի Սզնեքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարեն Մարտիրոսյանը, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Հարությունյանը, ԱՀ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 11-րդ  դասարանի աշակերտուհի Շուշանիկ Հայրապետյանը, ԱՀ Մարտունու շրջանի գյուղ Աշանի Անիթա Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արև Մուսայելյանը, Սյունիքի մարզի Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիաննա Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անգելինա Վարդանյանը:
«Անկեղծություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Մաքունցը, «Գրական ձիրք» անվանակարգում՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի  Վ. Բալայանի    անվան   միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Մամունցը:
Մասնակցության հավաստագրեր ու հուշանվերներ ստացան մրցույթի բոլոր մասնակիցները:
Ընթերցվեցին նաև մրցանակային տեղեր զբաղեցրած լավագույն շարադրությունները:
Վերջում մրցանակաբաշխությանը ներկա հյուրերը կիսեցին իրենց հուզառատ տպավորությունները: Ելույթ ունեցավ ՀՀ ԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյանը, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, Ասկերանի շրջանի Շոշի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Ավանեսյանը, Գորիսի մանկական գրադարանի վարիչ Գայանե Աթայանը և ուրիշներ:
Կազմակերպվեց նաև ճանաչողական այց Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ աշակերտների համար նախատեսված էր էքսկուրսիա, ինչն ապահովեց թանգարանի գիտաշխատող Մարգարիտա Իվանյանը:

Հ.Գ. Մեր շնորհաշատ մրցանակակիրներն օրվա ավարտին շտապեցին իրենց ջերմ տպավորությունները փոխանցել մրցույթի կազմակերպման առթիվ՝ ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ հրապարակելով և հուզառատ գրառումներ անելով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
«Ուրախ եմ, որ կարողացա հարգանքի իմ բաժին տուրքը մատուցել հայ արձակի մեծագույն դեմքերից Ակսել Բակունցի պայծառ հիշատակին ու ծննդյան 120-ամյակի կապակցությամբ։ Այսօր ինձ առավելապես դուր էր եկել քաղաքն իր պարզ ոճի մեջ, տիպիկ սյունական կոլորիտը, մարդիկ, ովքեր ամեն քայլափոխի պարուրում էին քեզ անկեղծ ջերմությամբ։ Իսկ Բակունցի տունթանգարանում լինելը մի ուրիշ աշխարհից էր։ Ցնցող է, երբ հնարավորություն ես ունենում տեսնել ամգամ այն վերնաշապիկը, որ տասնյակ տարիներ առաջ կրել էր Նա, հնարավորություն ես ունենում դիպչել Նրա իրերինՎերադարձել եմ Արցախ՝ հարստացած։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի, ԱԵԳՄՄ նախագահ Ավետիք Հարությունյանի, Թեհմինա Մարությանի և Նոննա Միրզոյանի գլխավորությամբ»Կարեն Մարտիրոսյան

«Այսօր մրցանակաբաշխության էի Գորիսում, Մեծ կյորեսցու 120-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթում գրավել եմ 2-րդ տեղը։ Հաղթանակի բերկրանքին գումարվեց այն ջերմությունն ու հարազատությունը, որ զգացի այնտեղ՝ իմ լեռնաշխարհին այնքա՜ն հարազատ Գորիսում, այսօր արդեն վստահաբար կարող եմ ասել՝ ի՛մ Գորիսում։ Հոգիս լցվեց մի նոր հավատով ու սիրով, այս աշխարհի մի փոքրիկ անկյունում ես գտա ինձ սրտակից մարդկանց, ովքեր նույնչափ սիրում են Արցախը, որքան ես։ Շնորհակալ եմ այսօրվա օրն ինձ համար արժևորման, վերաիմաստավորման ու հուսառատ տոն դարձնելու համար։» — Տաթևիկ Ղահրամանյան:

«Լուսավորված հոգով,լուսավոր մարդկանց հետ,լուսեղեն մարդու հարկի տակ….խոսքերն անզոր են զգացողություններս արտահայտելու համար….միայն լույս,լույս անսպառ լույս… Խորհրդավոր ակնկալիքներով հասա Բակունցի ծննդավայրը: Քայլում էի կարծես ինձ շատ ծանոթ վայրերով, ակամայից հայացքս փնտրում էր նրան՝ իմ անվանակից բարեկամին, հետո եղա նրա հարկի տակ…. և տեղի ունեցավ հրաշքըես տեսա նրաննա իր աշխատասեղանի առաջ նստած գրում էր ու գիտե՛ք ինչ՝ … իմ նամակի պատասխանը: Հրաշք է, ես վերադարձա Արցախ՝ հոգուս մեջ ամուր բռնած իմ ընկեր Ակսելի պատասխան նամակը……»Ակսել Ավանեսյան

«Ուստարվա մեր դպրոցի վերջին հաղթանակը պատկանում է աշակերտուհիներիս: Այսօր նրանք Գորիսում մասնակցեցին Ակ. Բակունցի ծննդյան 120-ամյակին նվիրված շարադրությունների մրցանակաբաշխությանը: Դեռևս մայիսին էինք հայտարարված այս մրցույթին մասնակցություն ցուցաբերել: Տաթևիկ Ղահրամանյանը /12-րդ գ դասարան/ արժանացավ 2-րդ կարգի մրցանակի, Լուիզա Մամունցը /12-րդ ա դասարան/- արժանացավ «Գրական ձիրք» անվանակարգին: Շնորհավորում եմ նրանց, ամուր գրկում այս հեռվից, նաև օգտվելով առիթից՝ մի քանի խոսք իմ սիրելի՛ աշակերտուհիների մասին: Նրանք արդեն բուհ են ընդունվել, այն էլ՝ իմ մասնագիտությամբ, բայց ինձ համար հիշողությանս մեջ մնալու են դպրոցականների ազնվագույն կերպարներով, ովքեր միշտ ինձ հպարտանալու առիթ են տվել՝ իրենց ստեղծագործ մտքերով, աշխատասիրությամբ, մեր համատեղ գործունեությամբ, փոխադարձ հասկացվածության բարձր մակարդակով, որոնք արտահայտվեցին նրանց ձեռքբերումներով տարբեր շարադրությունների մրցույթներում և առարկայական օլիմպիադաներում: Համոզված եմ, որ նրանք, բուհի ուսանողուհիներ լինելով, շարունակելու են գիտության ճանապարհը հաղթահարել՝ նորանոր հաջողություններ ամրագրելով» — Նատաշա Պողոսյան, Մարտակերտի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

«Գիտե՞ք, կարևոր չէ, թե որ կարգի մրցանակի կարժանանաս, առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ երրորդ, կարևորը՝ այս միջոցառման մասնիկը դառնալն է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԳՊՀին և ԱԵԳՄՄ ՀԿին՝ նման մոտիվացնող միջոցառման համար: Ճիշտ է, որպես աշակերտ, վերջին անգամ եմ մասնակցում, բայց հույս ունեմ, որ դպրոցհամալսարան կապը կընդլայնվի և հետագայում, ընկերներս ևս հնարավորություն կունենան մասնակցելու»Իզա Ասծատրյան

Նոննա Միրզոյան

Facebook Comments