ՉՄՈՌԱՆԱՍ ԻՆՁ, ԵՍ ՔՈ ՏՈՒՆՆ ԵՄ. ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ամեն տարի Գորիսի պետական համալսարանը յուրովի է հիշում ու նշում Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Այս տարվա միջոցառումը, որ կրում էր «Չմոռանաս ինձ, ես քո տունն եմ…» խորհրդանշական խորագիրը,  հագեցած էր հայրենի ու սփյուռքահայ գրականության էջերի գեղեցիկ դրվագներից և հիմնականում նվիրված էր հայրենի կորուսյալ աշխարհին ու հայի սրտում ապրող հայրենակարոտին: «Սիրելի՛ պատանի, կուզեմ, որ սերունդներն իմանան, թե թուրքը՝ մարդկության անսրբագրելի ամոթը, ի՜նչ անորակելի չարիք կամեցավ մեր ազգին…Այստեղ հիմա ոչ մի բան ինձ այլևս հարազատ չէ… Թուրքի շունչն է հալածում ինձ, Մարաթուկս խոնարհվել է, Աստծուց երես թեքել… Հեռվից, շատ հեռվից կարոտի հնչյուններ են հասնում ունկերիս… Հազրոն է, Մարգարը, Օհանը, Առաքելը, Միրոն, Սահակը, Մանոն, Մակարը, Ասլանը, որդինե~րս… տնակորույս, որդեկորույս, հայրենակորույս որդինե՜րս… Մեր հազարամյա  Ծիրանի փողից դեռ բոց է ելանում… Ծուխ է ելանում… Ողբ է ելանում … Հերթը քո՛նն է, քաջ պատանի, պապիդ ու հորդ ջանքերը իզուր անցան… Շատ եմ ուզում միասին հայանալ… Փափագում եմ գրկել ու սեղմել քեզ տառապանքից ճաք տված հողիս… Չմոռանաս ինձ, ես քո տունն եմ… Վստահ եմ՝ դու երբևէ պիտի ազատես ինձ…» , — այսպիսի հուզառատ խոսքերով` անձնավորված կորուսյալ հայրենիքի կոչով սկսվեց ցերեկույթը, որը կազմակերպել էր ՀՀՄ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի աջակցությամբ: Բացման ու ողջույնի խոսք ասաց ֆակուլտետի ՈՒԳ նախագահ Հարութ Դավթյանը: Նա կարևորեց հիշատակի ցերեկույթի կազմակերպումը համալսարանում ինչպես ճանաչողական ու դաստիարակչական, այնպես էլ երիտասարդ սերնդի ոգեսթափման, ազգային ինքնագիտակցության ամրապնդման առումներով: ՈՒԳ ընկերության շնորհալի ուսանողները ներկայացրին հայոց մեծ տառապանքի ու կարոտի, ընդվզումի ու հերոսականության էջերն ու դրվագները` ներկաների հոգում արթնացնելով կորուսյալ լեռնաշխարհի պատկերավոր զգացողությունը: Հայ գրականության եղեռնազարկ ու տարագիր հերոսները ունկնդիրներին ցավով «պատմեցին» իրենց գլխով անցած Եղեռնի սարսափների, իրենց անօրինակ մաքառումների, Էրգրի մխացող կարոտի մասին: Հանդիսականների հուզված աչքերում թախիծ ու բողոք կար և, մանավանդ, հայրենի հողի համար հարատև պայքարը շարունակելու կամք ու ոգի: Ցերեկույթը համեմվեց երաժշտական կատարումներով, դիտապաստառային ներկայացումներով: Վերջում խոսք ասացին դասախոսները, հյուրերը: Հրավերի համար շնորհակալություն հայտնեց ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյանը՝ ընթերցելով իր հայրենասիրական բանաստեղծությունները: Միջոցառումը շարունակվեց համալսարանի բակում՝ Շահան Նաթալիի հրաշակերտ կիսանդրու մոտ: Համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին Նաթալիի հուշարձանին՝ ի փառս «Նեմեսիս» գործողության իրագործման և երախտագիտություն հայտնեցին Մեծ Հային, Վրեժի Առաքյալին, Մահվան Ոգուն՝ Նեմեսիսին: Ուսանողները հնչեցրին Նաթալիի բանաստեղծությունները ու երգեցին Բարսեղ Կանաչյանի հանրահայտ «Գինի լից»-ը՝ հենց հաղթական նոտայով ու գինու թասերով էլ ամփոփելով ինքնատիպ միջոցառումը: Ես կը խմեմ քո կենացը, Դու կը խմես իմ կենացը, Խմենք Թեհլերյանի կենացը: Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից, Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Facebook Comments