ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ՖՈՐՈՒՄ. ԳՊՀ-РАУ-UFAR

Ապրիլի 29-30-ը Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցչական կազմերին՝ դասախոսներին և ուսանողներին, որոնք մասնակցեցին «Ուսանողների դերը համայնքի զարգացման գործում» խորագրով երկօրյա ուսանողական ֆորումի աշխատանքներին: Ֆորումի մեկնարկին ԳՊՀ-ի ղեկավարության, պրոֆեսորադախոսական կազմի և ուսանողության անունից ողջույնի խոսք ասաց ԳՊՀ-ի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, ով կարևորեց երեք համալսարանների միջև ձևավորվող աննախադեպ այդ համագործակցությունը՝ ուսանողական գիտական կառույցների համատեղ ձեռնարկի իրականացմամբ, ինչը կնպաստի ինչպես ուսանողական կառույցների փոխշփման ակտիվացմանը, կապերի ամրապնդմանը, այնպես էլ բուհերի միջև հետագա գիտակրթական համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Նա հույս հայտնեց, որ հյուրերը լավ ժամանակ կանցկացնեն մշակութային ու կրթական հարուստ ավանդներ ունեցող Գորիսում և իրենց հետ կտանեն հրաշալի տպավորություններ ԳՊՀ-ից ու Գորիսից: Հյուրերին ողջունեց ԳՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Գյուրջյանը, ով, մեծապես տպավորված  եռակողմ հանդիպումով, շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի և Հայսատանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչներին՝ ԳՊՀ-ի ՈՒԳԸ-ի հետ համագործակցության առաջարկի և ֆորումի կազմակերպման համար: Նա նաև ներկայացրեց օրակարգն ու արդյունավետ ընթացք մաղթեց ֆորումի աշխատանքներին: Ֆորումին զեկուցումներով հանդես եկան Հայ-ռուսական համալսարանի ուսանող Հակոբ Մանուկյանը՝ «Ենթակառուցվածքների զարգացումը որպես տարածաշրջանի զարգացման հիմնարար գործոն» (Развитие инфраструктуры, как основополагающий фактор для развития регионов) թեմայով, ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Գյուրջյանը՝ «Հայաստանի մարզերում կրթության զարգացումը և որակյալ անձնակազմի ստեղծումը» թեմայով և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Հայկ Հովհաննսիայանը՝ «Երևան քաղաքի տնտեսական հիպերկենտրոնացումը: Ռիսկեր և խնդիրների լուծման մեխանիզմներ» (Финансовая гиперцентрализация Еревана: риски и механизмы решения проблем) թեմայով: Զեկուցումներն ուղեկցվեցին թեմատիկ սալիկահանդեսներով, որոնց հաջորդեցին տեսակետների փոխանակումն ու կլոր սեղան-քննարկումը: Օրն ամփոփվեց համատեղ ճանաչողական այցով դեպի Խնձորեսկի պատմամշակութային վայրեր: Ֆորումի երկրորդ օրը՝ ապրիլի 30-ին, անցկացվեց օրակարգով նախատեսված բանավեճ-սիմուլյացիա՝ երեք բուհերի ուսանողական թիմերի միջև՝  «Պետության հիմնական գաղափարախոսության կարևորությունը երկրի զարգազման գործում» թեմայով: Բանավեճը վարում էր Հայ-ռուսական համալսարանի ուսանող Հակոբ Մանուկյանը: Այն ընթացավ հետաքրքիր աշխատակարգով, ուսանողները դրսևորեցին փայլուն գիտելիքներ, ակտիվություն, տրամաբանական մտագրոհի ու ինքնադրսևորման ճկունություն: Տարբեր փաստարկումների ու զարգացած երկրների օրինակների հիման վրա թիմերը ներկայացրին սեփական երկրի զարգացման տեսլականը, յուրաքանչյուր թիմ յուրովի պաշտպանեց երկրի առաջընթացի համար իր կողմից առաջարկվող ռազմավարությունը: Ժյուրին արդյունքներն ամփոփեց հետևյալ կերպ` 3-րդ և 4-րդ տեղերը գրավեցին ԳՊՀ-ն ներկայացնող երկու թիմերը, 2-րդ տեղը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմը, իսկ 1-ին պատվավոր տեղը գրավեց Հայ-ռուսական համալսարանի թիմը: Բանավեճի ավարտին UFAR-ի թիմը խորհրդանշական մեդալով պարգևատրեց Հայ-ռուսական համալսարանի ուսանող, բանավեճի վարող Հ.Մուրադյանին` կրեատիվ մոտեցման և հետաքրքիր բանավեճի կազմակերպման համար: Ֆորումի երկրորդ օրն ամփոփվեց ճանաչողական այցերով Գորիսի թանգարաններ և Հին Գորիս:
Facebook Comments